ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ
Գաֆէսճեան արվեստի կենտրոն
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունը Հայաստանում ժամանակակից արվեստի առաջատար միտումները ցուցադրելն է:
Ճարտարապետներ՝ Ջիմ Թորոսյան, Սարգիս Գուրզադյան, Ասլան Մխիթարյան
Երևանցիների շրջանում հայտնի է Կասկադ անունով, քանի որ խորհրդային տարիներին այստեղ էր գտնվում հին կասկադը՝ փոքր ջրվեժով ու ձկների գունավոր խճանկարով (քանդակագործ՝ Դերենիկ Դանիելյան, ապամոնտաժվել է 1980-ական թթ.):
Կասկադի ստեղծումը անվանի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի մտահղացումն էր, որի նպատակն էր ջրվեժներով ու կանաչապատ տարածքներով միմյանց կապել Երևանի կենտրոնական և հյուսիսային հատվածները: Կասկադն ընդգրկված էր խորհրդային Երևանի առաջին գլխավոր հատակագծի մեջ (1924): Թամանյանական նախագիծը կյանքի կոչվեց 1970-ական թթ., Երևանի գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի կողմից՝ նոր ընկալումներով ու նոր գաղափարներով: Շինարարությունը տևեց մի քանի տարի և 1988 թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժի պատճառով մնաց անավարտ:
2002 թ. ամերիկահայ գործարար և բարերար Ջերարդ Գաֆէսճեանը, համագործակցելով ՀՀ Կառավարության հետ, նախաձեռնեց Կասկադի շինարարությունը: Հետագա յոթ տարիների ընթացքում համալիրը վերանորոգվեց ու վերափոխվեց:
Կասկադի ամենավերին հարթակին գտնվող Հատուկ միջոցառումների սրահից բացվում է Երևանի և Արարատ լեռան պատկերը: Այս հատվածում է գտնվում «Հայաստանն առաջին քրիստոնեական պետությունն է» հուշակոթողը (2011):
Համալիրն ընդգրկում է նաև Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձանը (ճարտարապետներ` Սարգիս Գուրզադյան, Ջիմ Թորոսյան, 1967), որը գերիշխող է համալիրում: Նրա հարակից տարածքում կասկադի մաս կազմող անավարտ հատվածն է:
Գաֆէսճեան քանդակների պարտեզը կասկադի դիմաց գտնվող պուրակի տարածքն է՝ ընդարձակ ծառուղիներով, ծաղկանոցներով, Ֆերնանդո Բոտերոյի, Լին Չեդուիքի, Ժաումե Պլենզանի, Բարրի Ֆլանագանի և ուրիշների կերտած քանդակներով:
Կասկադի աստիճանների թիվը 572 է: Հիմքից մինչև վերին հարթակ 450 մ է: Լայնությունը` 50 մ, չավարտված հատվածի բարձրությունը` 78 մ:
ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Ժամանակակից արվեստի թանգարան և մշակութային կենտրոն ստեղծելու նպատակով «ԱՄՆ-ի Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի կողմից 2009 թ. նոյեմբերի 8-ին Երևանում բացվում է «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամը, իսկ նորակառույց կասկադի համալիրը վերածվում է «Ջերարդ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի», որտեղ ներկայացված է Գաֆէսճեան ընտանիքի՝ Հայաստանին նվիրած արվեստի գործերի հարուստ հավաքածուն (ավելի քան 5000 նմուշ):
Համալիրն իր ճարտարապետական հորինվածքով լուծված է լայնարձակ հարթակներով թեք ռելիեֆի վրա (թեքությունը՝ 15°), որտեղ կազմակերպված են ցուցասրահները: Աջակողմյան և ձախակողմյան աստիճանները կապ են ստեղծում բոլոր հարթակների միջև: Ստեղծված են «Պատկերասարահ - 1», «Խանջյան», «Սասունցի Դավիթ», «Սվարովսկի», «Արծիվ» և այլ սրահներ, որոնք ունեն պատերի տրավերտինե երեսապատում, գրանիտե հատակ, ներքին լուսավորություն: «Խանջյան» սրահում մեծանուն նկարիչ Գրիգոր Խանջյանի մոնումենտալ եռապատկեր որմնանկարներն են` «Հայոց այբուբենի ստեղծումը», «Վարդանանց պատերազմը» և «Հայաստանի վերածնունդը»: «Սասունցի Դավիթ» սրահում «Սասնա ծռեր» դյուցազնավեպի հերոս Սասունցի Դավթի որմնաքանդակն է (1980-ական թթ., քանդակագործ՝ Արտաշես Հովսեփյան, բացումը` 2016 թ. մայիսի 21-ին):
Կենտրոնն ունի Հայաստանում ժամանակակից արվեստի առաջատար միտոումները ցուցադրելու, ինչպես նաև հայկական մշակույթն աշխարհին ներկայացնելու նպատակ: