ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ
ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ԶԲՈՍԱՅԳԻ
1930-ական թթ․
Կոմիտասի
անվան զբոսայգին Երևանի առաջին զբոսայգիներից է։ Գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում՝
Արշակունյաց պողոտայի եզրից ձգվելով մինչև Հրազդանի կիրճ։
Զբոսայգու
սկզբնական նախագիծը մշակել է ճարտարապետ Միքայել Մազմանյանը, այնուհետև՝ ճարտարապետ
Սարգիս Կարապետյանը։ Դենդրոլոգիական նախագիծը 1938 թ. մշակել են ճարտարապետներ Բ. Էդիլյանը
և Հ. Պետրոսյանը։
Ավելի
ուշ զբոսայգում կառուցվել է կինոթատրոն (ճարտարապետ՝ Կորյուն Հակոբյան)։ Այգին շրջապատված
է Միքայել Մազմանյանի հեղինակած ցանկապատով։
Զբոսայգին
ընդարձակ է, ունի բարեկարգ ծառուղիներ, նստարաններ և հանգստի գոտիներ։ Բարձրարվեստ
լուծում ունեն այգու մետաղական ցանկապատը և քարաշեն մուտքը։
Այգու
տարածքում են գտնվում Շուշանիկ Կուրղինյանի բրոնզաձույլ կիսանդրին (տեղադրվել է բանաստեղծուհու
գերեզմանի վրա 1952 թ., ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան, քանդակագործ՝ Սարգիս Բաղդասարյան),
Հայ օգնության միության 100-ամյակին նվիրված հուշարձանը (2011, քանդակագործ՝ Գևորգ
Գևորգյան), Ֆիդայական շարժման «Զորավար Անդրանիկ» թանգարանը (2006), ինչպես նաև Կոմիտասի
թանգարան-ինստիտուտը (գործում է նախկին Մշակույթի տան հիմնանորոգված շենքում, ճարտարապետ՝
Արթուր Մեսչյան)։
Զբոսայգու
մի հատվածում 1936 թ. հիմնադրվել է պանթեոնը։ Այստեղ ամփոփված են հայ անվանի գիտնականների,
մշակույթի և հասարակական-քաղաքական գործիչների աճյունները։