ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՎԻՇԱՊԱՔԱՐ
Մ.թ.ա. II հազարամյակի երկրորդ կես
Պետ. ցուցիչ՝ 1.8.18
Նոր Նորքի 2-րդ զանգվածում է, Գայի պողոտայի եզրով ձգվող պուրակի բացօթյա ցուցադրությունում՝ ուղղանկյուն հիմքով երկաստիճան պատվանդանին կանգնեցված (բարձր.՝ 0.70 մ): 1909 թ. հայտնաբերել է ռուս գիտնական Յակով Սմիռնովը՝ Գեղամա լեռներում, Վանքի լճի (Թոխմախան գյոլ) մոտ: Երևան է տեղափոխվել 1976 թ.:
Դեպի վեր լայնացող քառակող կոթող է՝ զոհաբերված ցլի բարձրաքանդակով:
Պատրաստված է մոխրագույն բազալտից: Ունի 3,5 մ երկարություն, վերնամասում՝ 0,7-0,85 մ և ստորնամասում՝ 0,35-0,45 մ լայնություն:
Վիշապաքարեր հայտնաբերվել են արհեստական լճերի, ջրանցքների ակունքներում, բարձր լեռնային ոռոգման համակարգերում: Կապված են ջրի պաշտամունքի հետ, որը Հայկական լեռնաշխարհում ուներ բավական խոր արմատներ և խորհրդանշվում էր Աստղիկ դիցուհու կերպարով: Ջրի դիցուհին Աստղիկն էր, որին զոհաբերում էին երինջներ, իսկ աստվածուհու մեհյաններին՝ կաշին, գլուխն ու ոտքերը, ինչն էլ պատկերված է վիշապաքարերի վրա:
Այդ կոթողներն իրենց մեծության համար կոչվել են վիշապներ կամ աժդահաներ, որի հետևանքով դրանց վրայի քանդակներն ու պատկերները իմաստավորվել են իբրև օձերի և վիշապների պատկերներ:
Վիշապ կոչվող քարակոթողները հնագույն մշակույթի բացառիկ և արժեքավոր հուշարձաններ են՝ բնորոշ միայն Հայկական լեռնաշխարհի բնիկներին, և զուգահեռներ չունեն նրա սահմաններից դուրս:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան