ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ
Պետ. ցուցիչ՝ 1.6.174
Շենքի ճարտարապետ՝ Բագրատ Արազյան
Թանգարանի հիմնադրումը՝ 1964 թ.
Հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի (1897-1937) տուն-թանգարանը գտնվում է Մաշտոցի պողոտա, 17 հասցեում (շենքի ճարտարապետ՝ Բագրատ Արազյան, 1935 թ.):
Շենքի երրորդ հարկի թիվ 12 բնակարանում, որտեղ 1935-1937 թթ. ապրել ու ստեղծագործել է Չարենցը, ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի 1964 թ. փետրվարի 8-ի որոշմամբ հիմնադրվել է նրա տուն-թանգարանը։ Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1975 թ. հունվարի 30-ին։ 1978 թ. փետրվարին, բանաստեղծի ծննդյան 80-ամյակի տոնակատարության օրերին, շենքի նույն հատվածի առաջին հարկը տրամադրվել է պոեզիայի դահլիճին: Այնուհետև թանգարանին հատկացվել են երկրորդ և նկուղային հարկերը:
1987 թ. Չարենցի ծննդյան 90-ամյակի առթիվ շենքը ենթարկվել է մասնակի փոփոխության, և ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշմամբ թանգարանի տարածքն ընդլայնվել է (ճարտարապետ՝ Կարեն Ալեքսանյան):
Թանգարանի սրահներում ցուցադրվում են Չարենցի և նրա ժամանակակիցների հետ առնչվող իրեր, լուսապատճեններ, գեղանկարներ, արտասահմանյան ուղևորությունից (1924-1925 թթ.) բերված իրեր, բանաստեղծին վերաբերող գեղարվեստական գործեր և այլն։ Ունի չարենցյան ժամանակների նմանությամբ վերականգնված հուշատուն, որը կահավորված է արևելյան ու եվրոպական ոճերի համադրումով և որտեղ պահվում է բանաստեղծի անձնական գրադարանը։ Թանգարանի ֆոնդերի քանակն անցնում է 17 հազարից: Առաջին հարկում տեղադրված է Եղիշե Չարենցի քանդակը (քանդակագործ՝ Արա Շիրազ):
1997 թ. հոկտեմբերին International Star Registry ներկայացուցչությունը թանգարանին է հանձնել վկայագիր այն մասին, որ երկնքի աստղերից մեկը կոչվում է Եղիշե Չարենցի անունով։ ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից թանգարանին հանձնվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Ֆեդերիկո Մայոր Սարագոսայի ուղերձը Չարենցի ծննդյան 100-ամյակի առթիվ։
Շենքը կառուցված է վարդագույն տուֆով: Թանգարանի մուտքը շեշտված է սև գրանիտի և բազալտի համադրությամբ:
Եղիշե Չարենցի տուն-թանգարանը բանաստեղծի կյանքի, գրական-մշակութային, հասարակական-քաղաքական գործունեության ուսումնասիրության և հանրահռչակման գիտական կենտրոն է:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան
ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
- Առաջին ցուցասրահում ներկայացված է Եղիշե Չարենցի կյանքի և ստեղծագործական գործունեության 1897-1927թթ. ժամանակահատվածը:
- Երկրորդ ցուցասրահն ընդգրկում է Եղիշե Չարենցի կյանքի և ստեղծագործական գործունեության վերջին շրջանը՝ 1927-1937թթ.:
- Հուշատուն. այն տունն է, որտեղ Չարենցն իր կյանքի վերջին երկու տարին ապրել է ընտանիքի հետ։