ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ՔԱՆԱՔԵՌԻ ԾԽԱԿԱՆ ԴՊՐՈՑ


1910-ական թթ.


Պետ. ցուցիչ՝ 1.12.3

Գտնվում է Քանաքեռի 6-րդ փողոցում։ Փողոցից սահմանազատված է ցանկապատով։ Երևանի շրջագծի մեջ գտնվող XIX դ. վերջի – XX դ. սկզբի կրթական կարևոր օջախներից է։ Հիմնադրվել է 1864 թ.։ Շենքը կառուցվել է 1910-ական թթ.։ Գործել է մինչև խորհրդային շրջանը։ Հետագայում ծառայել է որպես գյուղատնտեսական իրերի և մթերքի պահեստ։

Նորոգվել և բարեկարգվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական բարեգործական ընդհանուր միության ջանքերով։ Այժմ շենքում գործում է Քանաքեռի մանրանկարչության դպրոցը։

Ուղղանկյուն հատակագծով միահարկ շինություն է։ Երկայնական առանցքով ձգվող միջանցքի երկու կողմերում տեղակայված են դասասենյակները։ Աստիճաններով մուտքը բացված է գլխավոր՝ արևմտյան ճակատից։ Վերջինս երեսապատված է սրբատաշ տուֆով և առանձնանում է սվաղված մյուս պատերի ֆոնի վրա։ Նրա համաչափ կառուցվածքը բաժանված է կողային ջլատումներով և կենտրոնական ելուստով։ Ռուստով երիզված ուղղանկյուն բացվածքները ունեն զույգերով խմբավորվածություն՝ մեկական՝ ջլատումների միջև, երկուական՝ մուտքից աջ և ձախ։ Ճակատն ավարտվում է լակոնիկ քիվով։


Քանաքեռի 6-րդ փող., 29