ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ՆՈՐԱԳԱՎԹԻ ԾԽԱԿԱՆ ԴՊՐՈՑ


1865


Պետցուցիչ՝ 1.11.9.4

Գտնվում է Նորագավթի 7-րդ փողոցում՝ Սբ. Գևորգ եկեղեցի տանող ճանապարհին։

1864 թ. գյուղի հասարակությունը դիմել է Էջմիածնի Սինոդին՝ ծխական դպրոց բացելու խնդրանքով։ Դպրոցը բացվել է մեկ տարի անց՝ 1865 թ.։ 1873 թ. ունեցել է մեկ ուսուցիչ և 30 աշակերտ, 1881 թ.՝ մեկ ուսուցիչ և 25 աշակերտ։ 1885 թ. փակված հայկական դպրոցների ցուցակում չի հիշատակվում, հավանաբար փակվել է ավելի վաղ։ 1905 թ. վերջերին վերաբացվել է որպես միադասյա արական դպրոց։ 1907–1908 ուսումնական տարում ունեցել է երկու ուսուցիչ և հիսուն աշակերտ։ 1913–1914 ուսումնական տարում եղել է եռամյա խառը դպրոց, որտեղ սովորել են 32 տղա և 28 աղջիկ։ 1914 թ. փետրվարին ունեցել է 49 աշակերտ, իսկ 1917 թ.՝ 60 աշակերտ, որից 20-ը՝ աղջիկ։

Փակված հայկական դպրոցի փոխարեն 1901–1905 թթ. Նորագավթում գործել է պետական ռուսական դպրոց։

Ծխական դպրոցի շենքը հյուսիս–հարավ ուղղվածությամբ, ուղղանկյուն հատակագծով, սենյակների միաշար դասավորությամբ երկար միահարկ շինություն է։ Գլխավոր ճակատի պատուհանները կամարակապ են։ Բակի ճակատը հարդարված է շենքի ողջ երկայնքով ձգվող բաց պատշգամբով։ Պատշգամբը փայտից է, տանիքը՝ երկթեք, ծածկը՝ թիթեղապատ։ Կառուցված է դեղնավուն սրբատաշ տուֆից՝ միջին (միդիս) շարվածքով։

Ուշ շրջանում տարբեր ընտանիքների կողմից դպրոցի սենյակներն օգտագործվել են որպես բնակարաններ։ Կատարվել են բազմաթիվ վերակառուցումներ։

 


Նորագավիթ