ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ՆՈՐԱԳԱՎԹԻ ԾԽԱԿԱՆ ԴՊՐՈՑ
1865
Պետ․ ցուցիչ՝ 1.11.9.4
Գտնվում է Նորագավթի 7-րդ փողոցում՝ Սբ. Գևորգ եկեղեցի
տանող ճանապարհին։
1864 թ. գյուղի հասարակությունը դիմել է Էջմիածնի Սինոդին՝
ծխական դպրոց բացելու խնդրանքով։ Դպրոցը բացվել է մեկ տարի անց՝ 1865 թ.։ 1873 թ. ունեցել
է մեկ ուսուցիչ և 30 աշակերտ, 1881 թ.՝ մեկ ուսուցիչ և 25 աշակերտ։ 1885 թ. փակված
հայկական դպրոցների ցուցակում չի հիշատակվում, հավանաբար փակվել է ավելի վաղ։ 1905
թ. վերջերին վերաբացվել է որպես միադասյա արական դպրոց։ 1907–1908 ուսումնական տարում
ունեցել է երկու ուսուցիչ և հիսուն աշակերտ։ 1913–1914 ուսումնական տարում եղել է եռամյա
խառը դպրոց, որտեղ սովորել են 32 տղա և 28 աղջիկ։ 1914 թ. փետրվարին ունեցել է 49 աշակերտ,
իսկ 1917 թ.՝ 60 աշակերտ, որից 20-ը՝ աղջիկ։
Փակված հայկական դպրոցի փոխարեն 1901–1905 թթ. Նորագավթում
գործել է պետական ռուսական դպրոց։
Ծխական դպրոցի շենքը հյուսիս–հարավ ուղղվածությամբ,
ուղղանկյուն հատակագծով, սենյակների միաշար դասավորությամբ երկար միահարկ շինություն
է։ Գլխավոր ճակատի պատուհանները կամարակապ են։ Բակի ճակատը հարդարված է շենքի ողջ երկայնքով
ձգվող բաց պատշգամբով։ Պատշգամբը փայտից է, տանիքը՝ երկթեք, ծածկը՝ թիթեղապատ։ Կառուցված
է դեղնավուն սրբատաշ տուֆից՝ միջին (միդիս) շարվածքով։
Ուշ շրջանում տարբեր ընտանիքների կողմից դպրոցի սենյակներն
օգտագործվել են որպես բնակարաններ։ Կատարվել են բազմաթիվ վերակառուցումներ։