ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ԲԻԱՅՆԱԿԱՆ ԴԱՄԲԱՐԱՆ
Մ.թ.ա. VIII-VII դդ.
Պետ. ցուցիչ՝ 1.11.8
Գտնվում
է Արշակունյաց պողոտայում։ Հայտնաբերվել է 1984 թ. շինարարական աշխատանքների ժամանակ։
Հետազոտել է ՀԽՍՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը (հնագետ՝
Լեոնիդ Բիյագով, ճարտարապետ՝ Արմինե Կանեցյան)։ Հուշարձանի պահպանության նպատակով
1984 թ. կազմվել է վերականգնման նախագիծ (հեղինակ՝ ճարտարապետ Վլադիմիր Ճաղարյան),
իրականացվել են վերականգնման աշխատանքներ։
Հուշարձանը
մեզ է հասել գրեթե նախնական վիճակով։ Զբաղեցնում է 12 քմ տարածք։ Հյուսիս–հարավ կողմնորոշմամբ
ստորգետնյա ուղղանկյուն կառույց է։ Դամբանախցի հատակը շարված է լավ մշակված սև, կարմիր
և մուգ շագանակագույն տուֆե սալերով, որոնց տակ գտնվում են գաղտնարաններ։ Պատերը՝ հինգ
շար բարձրությամբ, կառուցված են սրբատաշ տուֆից։ Հյուսիսից բացված մուտքը փակված է
եղել տուֆե զանգվածեղ սալաքարով (ցուցադրվում է դամբարանում)։ Ծածկը կազմված է տուֆե
մեծ հեծաններից։
Դամբանախցի
պատերին (ներքուստ) կան որմնախորշեր, որտեղից հայտնաբերվել են մարդու, կենդանիների
և թռչունների մանրացված ոսկորներով լցված աճյունասափորներ, ցլագլուխ արձանիկներով զարդարված
մեծ կավանոթ, սափոր, ճրագ, թասեր և այլն։ Գտածոների մեջ կան նաև բրոնզե օձագլուխ ապարանջաններ,
կապարճի բեկորներ, ձիասանձերի մասեր, գամեր, երկաթե սուր, դանակ, դաշույններ, ագաթե
ուլունքներ, գիշերասաթից կնիք՝ գրիֆոնի և կիսալուսնի պատկերով, խոյի գլխաքանդակով զարդարված
բրոնզե շքասեղ, երեք բրոնզե գոտի և այլն։
Հայտնաբերված
նյութերն ունեն պատմամշակութային և գեղարվեստական մեծ արժեք։ Այն Վանի թագավորության
մինչ այժմ հայտնի ամենաճոխ թաղումներից է։ Գտածոներից դատելով՝ այն պատկանել է ուրարտական
բարձր խավին։
Բիայնական
դամբարանի մոտակայքում բացվել է նաև վաղ բրոնզեդարյան քարարկղային թաղում։ Հարակից
տարածքում հայտնաբերվել է մ.թ.ա. I հազարամյակի սկզբներին թվագրվող խեցեղեն։