ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ԲԻԱՅՆԱԿԱՆ ԴԱՄԲԱՐԱՆ


Մ.թ.ա. VIII-VII դդ.


Պետ. ցուցիչ՝ 1.11.8

Գտնվում է Արշակունյաց պողոտայում։ Հայտնաբերվել է 1984 թ. շինարարական աշխատանքների ժամանակ։ Հետազոտել է ՀԽՍՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը (հնագետ՝ Լեոնիդ Բիյագով, ճարտարապետ՝ Արմինե Կանեցյան)։ Հուշարձանի պահպանության նպատակով 1984 թ. կազմվել է վերականգնման նախագիծ (հեղինակ՝ ճարտարապետ Վլադիմիր Ճաղարյան), իրականացվել են վերականգնման աշխատանքներ։

Հուշարձանը մեզ է հասել գրեթե նախնական վիճակով։ Զբաղեցնում է 12 քմ տարածք։ Հյուսիս–հարավ կողմնորոշմամբ ստորգետնյա ուղղանկյուն կառույց է։ Դամբանախցի հատակը շարված է լավ մշակված սև, կարմիր և մուգ շագանակագույն տուֆե սալերով, որոնց տակ գտնվում են գաղտնարաններ։ Պատերը՝ հինգ շար բարձրությամբ, կառուցված են սրբատաշ տուֆից։ Հյուսիսից բացված մուտքը փակված է եղել տուֆե զանգվածեղ սալաքարով (ցուցադրվում է դամբարանում)։ Ծածկը կազմված է տուֆե մեծ հեծաններից։

Դամբանախցի պատերին (ներքուստ) կան որմնախորշեր, որտեղից հայտնաբերվել են մարդու, կենդանիների և թռչունների մանրացված ոսկորներով լցված աճյունասափորներ, ցլագլուխ արձանիկներով զարդարված մեծ կավանոթ, սափոր, ճրագ, թասեր և այլն։ Գտածոների մեջ կան նաև բրոնզե օձագլուխ ապարանջաններ, կապարճի բեկորներ, ձիասանձերի մասեր, գամեր, երկաթե սուր, դանակ, դաշույններ, ագաթե ուլունքներ, գիշերասաթից կնիք՝ գրիֆոնի և կիսալուսնի պատկերով, խոյի գլխաքանդակով զարդարված բրոնզե շքասեղ, երեք բրոնզե գոտի և այլն։

Հայտնաբերված նյութերն ունեն պատմամշակութային և գեղարվեստական մեծ արժեք։ Այն Վանի թագավորության մինչ այժմ հայտնի ամենաճոխ թաղումներից է։ Գտածոներից դատելով՝ այն պատկանել է ուրարտական բարձր խավին։

Բիայնական դամբարանի մոտակայքում բացվել է նաև վաղ բրոնզեդարյան քարարկղային թաղում։ Հարակից տարածքում հայտնաբերվել է մ.թ.ա. I հազարամյակի սկզբներին թվագրվող խեցեղեն։


Արշակունյաց փող. 34