ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ՆՈՐՔԻ ԾԽԱԿԱՆ ԴՊՐՈՑ
1860
Պետ. ցուցիչ՝
1.9.4.8
Գտնվում
է հին Նորքում՝ Սերո Խանզադյան փողոցում։
Նորքի
ծխական առաջին դպրոցը՝ տղաների ուսումնարանը, հիմնվել է 1860 թ.՝ Սուրբ Սիմեոն եկեղեցու
գավթի հարավային կողմում, ավագ քահանա Պողոս Տեր-Ավետիսյանի նախաձեռնությամբ։ 1866
թ. Նորքում բացվել է իգական դպրոց։ 1877 թ. նորքեցի մեծահարուստ Մովսես Հարությունյանը,
ի հիշատակ իր կնոջ, գավթի հյուսիսային կողմում կառուցել է Սուրբ Շողակաթ անվամբ օրիորդաց
դպրոցի նոր շենք։ Վերջինս 1880 թ. իր մեջ միավորել է նաև արական դպրոցը՝ աշակերտների
թիվը հասցնելով 110-ի։ Դպրոցն ունեցել է հարուստ գրադարան, որտեղ 1880-ական թթ. վերջերին
եղել է մինչև 2000 միավոր գրականություն։
Դպրոցի
շենքը գլխավոր ճակատով դեպի արևելք ուղղված միահարկ կառույց է։ Բաղկացած է խառը դասավորությամբ
սենյակների համակարգից, որոնց հաղորդակցությունն իրականացվում է միջանցքային դռներով։
Հյուսիսային և հարավային պատերը խուլ են։ Արևմտյան ճակատի հյուսիսային մասում կառուցված
է փայտե սյուներով բաց պատշգամբ։
Կենտրոնական
հատվածը ընդհանուր հարթությունից մի փոքր առաջ է դուրս գալիս և ավարտվում է եզրապատով
(պարապետ)։ Մուտքերը տեղակայված են գլխավոր ճակատի եզրային մասերում։ Այս ճակատի շարվածքը
իրականացված է սրբատաշ սև տուֆով, իսկ մյուս մասերում՝ կոպտատաշ քարով։ Ծածկը փայտյա
է, իսկ ներսի պատերին նկատելի են հարդախառն ցեխի հետքեր։
Շենքը
տարիների ընթացքում ենթարկվել է փոփոխությունների, որի արդյունքում նախապես եղած վեց
սենյակները վերածվել են ութի։
Ներկայումս
շենքում գործում է Հայփոստի N 11 կապի բաժանմունքը։