ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ԴԱԼՄԱՅԻ ԱՅԳԻՆԵՐ


Մ.թ.ա. VII դ., մ.թ. XIX-XX դդ.


Պետ. ցուցիչ՝ 1.7.11
Հիմնադիր՝ Վանի թագավոր Ռուսա Բ 

Դալմայի այգիները գտնվում են Երևանի արևմտյան մասում՝ Հրազդան գետի աջ ափին։

Երևանի պտղատու այգիների թվում Դալման ամենահինն է։ Ըստ Զվարթնոցում հայտնաբերված սեպագիր արձանագրության՝ այգիները հիմնվել են Վանի թագավորության տիրակալ Ռուսա Բ-ի օրոք (մ.թ.ա. 685–645)։ Մ.թ.ա. VIII դարում կառուցված Դալմայի ջրանցքը ոռոգել է Թեյշեբաինի (Կարմիր բլուր) քաղաքի մերձակա այգիները, այդ թվում՝ Դալման։

«Դալմա» անվանումը առաջացել է XIX դարում՝ պարսկերեն «դեոլմե» բառից, որը նշանակում է պեղված, բացված, ստորգետնյա։

Միջնադարում Դալմայի ջրանցքը դադարել է գործել, և այգիները մնացել են անմշակ։ 1815 թ. Երևանի վերջին պարսից սարդար Հուսեյն Ղուլի խանը վերանորոգել է ջրանցքը և այն մտցրել ընդհանուր ոռոգման համակարգի մեջ։ Հենց այդ ժամանակ էլ հիմնվել են նոր այգիներ, զարգացել են խաղողագործությունն ու գինեգործությունը, կառուցվել են բազմաթիվ հնձաններ և մառաններ։ Այստեղ է գտնվել նաև սարդարի տաղավարը, որը ժամանակին Երևանի տեսարժան վայրերից էր։ Դալմայի մասին տեղեկություններ են հաղորդում Ղևոնդ Ալիշանը, Երվանդ Շահազիզը, ինչպես նաև եվրոպացի ճանապարհորդներ Ֆրեդերիկ Դյուբուա դը Մոնպերեն, Ժոզեֆ Պիթոն դը Տուրնեֆորը, ցարական պաշտոնյա Իվան Շոպենը և այլք։

Դալմայի այգու կեսը զբաղեցրել են տարբեր պտղատու ծառեր, իսկ մյուս կեսը կազմել են լայն ծառուղիներ՝ երկու կողմերում բարդիներով։ Զառիթափ լանջերին մշակվել է խաղողի շուրջ 80 տեսակ, ինչպես նաև թթի, ծիրանի, խնձորի տասնյակ տեսակներ։ Դալման հնում զբաղեցրել է հսկայական տարածք․ սկիզբ առնելով Ծիծեռնակաբերդի բլրից՝ ձգվել է մինչև Զվարթնոց։ XIX դարում ունեցել է 790 հա տարածք, որից 533 հա՝ բուն այգիները։ Մինչև 2000-ական թվականները զբաղեցրել է մոտ 530 հա, իսկ ներկայում պահպանվել է մոտ 290 հա։

Դալմայի այգիները կենսաբազմազանությամբ և հինավուրց պատմամշակութային շերտերով հարուստ, շուրջ 2700-ամյա պատմություն ունեցող հնագիտական համալիր են։ Այն մեծ հետաքրքրություն է ներկայացնում ոչ միայն Երևանի, այլև Հայաստանի խաղողագործության և գինեգործության մշակույթի, ինչպես նաև արտադրական կառույցների (հնձան, մառան) ճարտարապետության ուսումնասիրության համար։ Այգու արժեքներից է մինչ օրս պահպանված թմբային խաղողագործությունը, որի շնորհիվ պահպանվել են խաղողի տեղական տեսակները։

Հայտնի է, որ տարվա որոշակի ժամանակահատվածում՝ գարնանից մինչև ուշ աշուն, Դալմայում նաև բնակվել են։ Այդ մասին են վկայում տնտեսական շինություններին կից կառուցված բնակելի տների մնացորդները։

1931 թ. սկսած Դալմայի այգին պատկանել է Շահումյանի շրջանի կոլեկտիվ տնտեսությանը։ Հայաստանի անկախությունից հետո՝ 1990-ական թթ., տեղական իշխանությունները այգիները վարձակալությամբ հանձնել են անհատ հողօգտագործողների։ Մինչև 2000 թ. ընդգրկված է եղել ՀՀ բնության հուշարձանների պետական ցանկում՝ 790 հա պահպանական տարածքով։


Երևանի արևմտյան մասում