ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ՈՒՄԵՇԻՆԻ ՋՐԱՆՑՔ - ԷՋՄԻԱԾՆԻ ԱՌՈՒ, ԿԱՐՄԻՐ ԲԼՐԻ ՋՐԱՆՑՔ


Մ.թ.ա. VII դ.


Պետ. ցուցիչ՝ 1.7.7
Հիմնադիր՝ Վանի թագավոր Ռուսա Բ 

Ջրանցքը կառուցել է Վանի (Ուրարտու) թագավորության տիրակալ Ռուսա Բ-ն (մ.թ.ա. 685–645): Այդ մասին հիշատակվում է 1900 թ. Զվարթնոցի տաճարի պեղումների ժամանակ հայտնաբերված սեպագիր արձանագրության մեջ, որտեղ մասնավորապես ասվում է. «Ես Իլդարունի գետից ջրանցք անցկացրի. «Ումեշինի» — անունն է (նրա)»: Հիշատակվում է նաև նոր քաղաքի կառուցման, այդ ջրանցքի ջրերով Կուարլինի դաշտի անապատային տարածքների ոռոգման, ինչպես նաև պտղատու և խաղողի այգիների հիմնման մասին։

Ումեշինի ջրանցքի նույնացումը Կարմիր բլրի ջրանցքի հետ 1944 թ. առաջարկել է Բորիս Պիոտրովսկին։

Ջրանցքը սկիզբ է առնում Երևանյան լճի մոտակայքից՝ Հրազդան գետի աջ ափից։ Ձորի հատվածում մի ափը եզերված է բնական բազալտե ժայռերով, մյուսը՝ արհեստական հողաթմբով, որը հետագայում փոխարինվել է քարե պատով։ Հասնելով Թեյշեբաինի (Կարմիր բլուր) ամրոց՝ ջրանցքը մտնում է ժայռափոր թունել և դուրս է գալիս ձորին հարող՝ մոտ 15 մ բարձրությամբ բարձունքի հակառակ կողմը։ Այստեղ, ոռոգելով հողերը, այն հասնում է Զվարթնոց և Վաղարշապատ։

Թունելի երկարությունը 78 մ է, թողունակությունը՝ 4,3 մ³/վրկ, ընդհանուր երկարությունը՝ 23,6 կմ։ 1930-ական թվականներին ելքի հատվածը երկարացվել է քարե հենապատով՝ ափերը փլուզումից պաշտպանելու համար։

Ջրանցքը բազմիցս նորոգվել է։ Առաջին նորոգումը կատարվել է XVII դ. վերջին, երբ Էջմիածնի կաթողիկոսարան-ը ձեռք է բերել ջրանցքը։ Նորոգվել է նաև 1815 թ., Երևանի վերջին պարսից սարդար Հուսեյն Ղուլի խանի օրոք։ Փորձ է արվել նորոգել նաև 1912–1913 թթ., սակայն միայն 1920–1923 թթ. է հաջողվել այն հիմնովին իրականացվել։ Խորհրդային իշխանության առաջին տարիներին կառուցվել են հենապատեր և ջրարգելակներ, որոշ հատվածներ երեսպատվել են, հատակը՝ ամրացվել։ Երեսպատման աշխատանքները շարունակվել են մինչև 1970-ական թթ.։ XIX դ. սկզբին ջրանցքը ոռոգել է 625 հա հողատարածք, իսկ 1960-ական թթ.՝ մոտ չորս անգամ ավելի։

1968 թ. Ծովակալ Իսակովի պողոտայում, ճարտարապետ Գևորգ Մուշեղյանի նախագծով կանգնեցվել է Ումեշինի ջրանցքին նվիրված բազալտե հուշակոթող (պետ. ցուցիչ՝ 1.7.7.1): Ուղղանկյուն սալի դիմային մասում կա արձանագրություն, իսկ մյուս կողմում՝ շրջակայքի հատակագիծ։

Ումեշինի ջրանցքը Կարմիր բլուրի հուշարձանների համալիրի բաղկացուցիչ մասն է։ Նրա թունելը եզակի հիդրոտեխնիկական կառույց է, որը վկայում է Վանի թագավորության շրջանում ջրաշինության բարձր զարգացման մասին։


Հրազդանի աջ ափին