ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ՄԱՄՌԻ ՋՐԱՆՑՔ
Մ.թ.ա. VII դ.
Սկիզբ
է առնում Հրազդան գետի ձախ ափից՝ Քանաքեռ ՀԷԿ-ից 1 կմ գետի հոսանքով ներքև, այն նույն
ջրհավաքից, որտեղից սկիզբ է առնում Դալմայի ջրանցքը։ Անցնում է նաև Արաբկիր վարչական
շրջանով։ Ոռոգում է Հրազդանի կիրճի այգիները, ապա՝ անցնելով կիրճի լանջերով և կարճ
թունելով, հասնում է Կոնդ թաղամաս, որտեղից մի ճյուղ, մտնելով 200 մ երկարությամբ թունել,
հատում է Գետառը և թափվում Վարդավառի լիճ։
Ենթադրվում
է, որ այն հիմնադրել է Վանի Ռուսա Բ թագավորը, քանի որ Երևանի մյուս ջրանցքների նման
կառուցված է բիայնական ջրաշինության սկզբունքներով։
Գրավոր
աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է Մխիթար Այրիվանեցու (XIII դ.) «Պատմություն
ժամանակագրական» աշխատության մեջ՝ որպես «Երևանի առու», այնուհետև՝ XVIII դ., Սիմեոն
կաթողիկոս Երևանցու «Ջամբռ» աշխատության մեջ։
Ջրանցքը
«Մամուռ» անունով (արաբերեն՝ «վերակառուցված») հայտնի է XVII դ. առաջին քառորդից, երբ
նորոգվել է պարսից Ամիրգունա խանի օրոք։ Նորոգվել է նաև 1679 թ. ավերիչ երկրաշարժից
հետո և 1822–1824 թթ., Երևանի վերջին պարսից սարդար Հուսեյն Ղուլի խանի օրոք։ Այդ ժամանակ
ջրանցքը ոռոգել է ամբողջ Կոնդը, Ձորագյուղի և Շահարի թաղամասերի այգիները, ինչպես նաև
քարե ջրուղով ջուր է մատակարարել Երևանի բերդին։
1840-ական թվականներին
ջրանցքի գլխավոր հունին կցվել է «Դալմա» անունը կրող ջրանցքը, որը ոռոգել է ներկայիս
Արամի և Պուշկինի փողոցների տարածքում գտնվող այգիները։ 1860-ական թվականներին Դալմայի
շարունակությունից ձգված ջրանցքը ոռոգել է քաղաքի կենտրոնական թաղամասերը, ներկայիս
Աբովյան փողոցի այգիները, և թափվել Գետառ գետը։
Խորհրդային իշխանության
առաջին տարիներին՝ 1922–1923 թթ., իրականացվել են Մամռի ջրանցքի հիմնանորոգման աշխատանքներ։
Ներկայիս Թումանյան փողոցի վերջնամասում այն երկարացվել է մինչև Աբու Հայաթի ջրանցքը,
ապա հոսել և թափվել Վարդավառի լիճ։ 1923 թ. ջրանցքին տրվել է Ստ. Շահումյանի անունը։
Այն պետք է ջուր մատակարարեր Հրազդանի ձորում կառուցվող խորհրդային Երևանի առաջին ՀԷԿ-ի
չորս տուրբիններին։ Այդ նպատակով որոշ հատվածներում ջրանցքը խորացվել է, կառուցվել
են ջրարգելակներ։ 1963 թ.՝ ԵրՀԷԿ-ի դերիվացիոն ջրանցքի շահագործման դադարեցումից հետո,
Մամռի ջրանցքը վերածվել է քաղաքի կենտրոնական մասի անձրևային կոլեկտորի։
Երկարությունը մոտ
15 կմ է, թողունակությունը՝ 0,6 մ³/վրկ։