ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ՄԻԽԱՅԻԼ ՖՈՆ ԴԵՐ ՆՈՆՆԵԻ ԵԿԱՄՏԱԲԵՐ ԵՐԿՐՈՐԴ ՏՈՒՆԸ
1898
Երևանյան
սև տուֆով կառուցված տունը գտնվում է Հանրապետության փողոցում։ Կից է Երևանի նահանգային
ինժեներ ֆոն դեր Նոննեի առաջին տանը։
Տունը
կառուցվել է 1898 թ.։ 1899 թ. շենքը կրոնական կարիքների համար հանձնվել է Պոլտավյան
գնդին։ Կցաշենքում գործել է նահանգական տպարանը։
1916
թ. ֆոն դեր Նոննեի տները վաճառվել են Ալեքսանդր և Արտավազդ Ազիզյանցներին։ 1923 թ.
դրանք ազգայնացվել են, որից հետո այս տունը տրվել է ռազմական գերատեսչությանը և հայկական
դիվիզիայի շտաբին (մինչև 1937)։ Շենքում 1922–1923 թթ. աշխատել է Հայկ Բժշկյանը։
Շենքը
Г-աձև հատակագծով (16,3 × 11,4 մ), նկուղով, երկհարկանի կառույց է։ Գլխավոր մասնաշենքում
ներքին տարածությունը բաժանվում է միջանցքային համակարգով։ Սենյակներն ուղղված են դեպի
հյուսիս-արևմուտք (փողոց) և հարավ-արևելք (բակ)։ Միջանցքը հաղորդակցվում է ֆոն դեր
Նոննեի հարևան առաջին տան հետ։ Երկրորդ հարկի բարձրակային պատշգամբը դիրքորոշված է
դեպի փողոց։
Հյուսիս-արևմտյան
ճակատը, թեթևակի արտահայտված ուղղաձիգ ջլատումներով, բաժանված է երեք մասի։ Հորինվածքային
լուծումը համաչափ է, իսկ ելուստներն ուժեղացված են պսակող քիվի վերևի ճակտոններով։
Համաչափությունն ընդգծվում է մետաղե ծակոտկեն վանդակով կախովի պատշգամբով։ Բոլոր բացվածքները
(առաջին հարկում՝ ուղղանկյուն, երկրորդ հարկում՝ թաղակապ, կիսաշրջանաձև) մշակված են
կոպտատաշ քարով։ Երկրորդ հարկի լուսամուտների տակ խորշեր են, իսկ առաջին հարկում՝ քառանիստ,
պրիզմայաձև քարեր։ Հորինվածքն ավարտվում է տրամատված քիվով։
Ծածկը
հարթ է՝ փայտե հեծաններով, իսկ նկուղներում՝ քարե թաղերով։ Տանիքը թեք է, թիթեղածածկ։