ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ՄԻԽԱՅԻԼ ՖՈՆ ԴԵՐ ՆՈՆՆԵԻ ԵԿԱՄՏԱԲԵՐ ԱՌԱՋԻՆ ՏՈՒՆԸ


1895


Պետ. ցուցիչ՝ 1.6.203.7
Նախագծի հեղինակ՝ Միխայիլ ֆոն դեր Նոննե

Շենքը գտնվում է Հանրապետության փողոցում: Կառուցվել է Երևանի նահանգային ինժեներ ֆոն դեր Նոննեի եկամտաբեր երկրորդ տան և Երևանի նահանգային վարչության շենքի միջև։

Տան նախագիծը քաղաքային վարչությունը հաստատել է 1895 թ., և նույն թվականին իրականացվել է շինարարությունը։ 1916 թ. ֆոն դեր Նոննեի տները վաճառվել են Ալեքսանդր և Արտավազդ Ազիզյանցներին։ 1923 թ. դրանք ազգայնացվել են։

Երկհարկանի շենք է՝ նկուղով։ Հատակագծում եռամաս կառուցվածք է՝ բաղկացած հիմնական ծավալից, կողաշենքից և դեպի բակ թեթևակի արտահայտված նախասրահով ու սանդղավանդակով հատվածից։ Գլխավոր մասնաշենքը նախասրահի հետ միասին ձգվում է փողոցի երկարությամբ։ Ներսում երկայնական միջանցքի երկու կողմերում տեղակայված են սենյակները, որոնց մի շարքը ուղղված է դեպի հյուսիս-արևմուտք (փողոց), իսկ մյուսը՝ դեպի հարավ-արևելք (բակ)։ Վերին հարկում կա բարձակային պատշգամբ՝ ուղղված դեպի փողոց։

Առաջին հարկում ուղղանկյուն բացվածքները մշակված են կոպտատաշ քարով, իսկ երկրորդ հարկում՝ եզերված են քիվավոր ուղղանկյուն շրջակալներով, որոնց վերևում բարձակները պահում են պատուհանների զարդաքիվերը։ Ցայտուն արտահայտված պսակող քիվը հենված է երկրաչափական մոդուլյոնների վրա, որոնց միջև հերթագայում են կլոր և ուղղանկյուն հարթ բարձիկները։ Ծոփորը սահմանագծված է ինքնատիպ շրջանակով։ Լուսամուտների տակ գտնվող հատվածները զարդարված են երկրաչափական նախշերով։ Ճակատի պատը ավարտվում է ելուստներով և խորշերով բաժանված ատտիկայով։

Այժմ շենքում տեղակայված են ՀՅԴ Գերագույն մարմնի Հայաստանի գրասենյակը և «Սիմոն Վրացյան» կենտրոնը։


Հանրապետության փող. 30 (2)