ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ՍՈՒՐԲ ՀՌԻՓՍԻՄԵ ԻԳԱԿԱՆ ԳԻՄՆԱԶԻԱ


1898, 1905


Պետ. ցուցիչ՝ 1.6.202

Ճարտարապետ՝ Իվան Վագապով

Վերականգնող ճարտարապետ՝ Վասիլի Միրզոյան

 

Շենքը գտնվում է Ամիրյան փողոցում:

Գիմնազիան հիմնադրվել է 1850 թԿովկասի կանանց բարեգործական «Սուրբ Նինա» ընկերության երևանյան վարչության միջոցներով։ Եղել է պետական հաստատություն, գործել է պետական ծրագրերով, ուսուցումը եղել է ռուսերենով։ Դպրոցի նկատմամբ հսկողությունը դրվել է Երևանի նահանգապետ (1849–1859), գեներալ-մայոր Իվան Նազարովի վրա։ Գործուն մասնակցություն է ցուցաբերել փոխնահանգապետ (1849–1861) Նիկիֆոր Բլավատսկին։

1884 թԿովկասյան ուսումնական օկրուգի հոգաբարձուի հրամանով ուսումնական հաստատությունը վերակազմավորվել է եռադաս իգական պրոգիմնազիայի, իսկ 1893 թբարեգործական ընկերության շնորհիվ բացվել է չորրորդ դասարանը։ 1898 թայն լիովին վերակազմավորվել է Սուրբ Հռիփսիմե օրիորդաց գիմնազիայի՝ նախապատրաստական, տարրական, միջին և բարձր՝ յոթ հիմնական և ութերորդ լրացուցիչ դասարաններով, երկու բաժիններով (ռուսաց լեզվի և մաթեմատիկայի)։ Վերակազմավորումն ավարտվել է 1904 թ։

1917–1918 ուսումնական տարում գիմնազիայի աշակերտուհիների թիվը եղել է 526, որից՝ 352-ը հայ, 119-ը՝ ռուս։

Հաստատության հեղինակության մեծացմանը զուգընթաց ուսումնական շենքը վերակառուցվել և ընդլայնվել է։ 1859 կամ 1860 թթդպրոցը վարձակալել է Նազարովսկայա (այժմ՝ Ամիրյան) փողոցում գտնվող երկու տուն՝ այգով, Աստաֆյան (այժմ՝ Աբովյան) և Քարավանատան (այժմ՝ Եզնիկ Կողբացի) փողոցների միջև ընկած թաղամասի հյուսիսարևմտյան մասում, որոնք 1868 թձեռք է բերել իբրև սեփականություն։ Նույն թվականին փողոցի հակառակ կողմում՝ այժմյան Եղիշե Չարենցի անվան դպրոցի տեղում, սկսվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շինարարությունը, և Հռիփսիմյան դպրոցին հատկացված հողատարածքը վերադարձվել է եկեղեցուն։

1879 թկառուցվել է շինություն՝ նախապատրաստական դասարանի, գրասենյակի և խոհանոցի համար։ 1884 թնախօրյակին համալիրի կազմի մեջ էին մտնում գլխավոր մասնաշենքը, հինգ դասասենյակ, ննջասենյակներ, ճաշարան, տնօրենուհու երկսենյականոց բնակարան և ոչ մեծ կողաշենք, որտեղ տեղավորված էին դաստիարակների, բուժակի և պահակի կացարանները։

1884 թնախագծվել է երկհարկանի մասնաշենք (ճարտարապետ՝ Միխայիլ ֆոն դեր Նոննե), որը, ըստ ամենայնի, չի իրականացվել, սակայն 1890-ական թվականներին շարունակվել է դպրոցի ընդլայնումը։ 1892–1893 թթբակում կառուցվել է ինը սենյակից բաղկացած երկհարկանի կողաշենք (ճարտարապետ՝ Իվան Վագապով)։

1898 թՆազարովսկայա փողոցի կողմից կառուցվել է գլխավոր մասնաշենքը (Վասիլի Միրզոյանի մասնակցությամբ), որտեղ տեղադրվել են դասասենյակները, գրասենյակը, ուսուցչանոցը, գրադարանը, կաբինետները, տնօրենուհու բնակարանը, ճաշարանը և այլն։ 1903–1904 թթհարևան մասնավոր տան վրա կառուցվել է երկրորդ հարկ, որտեղ տեղավորվել են ննջարանները, իսկ առաջին հարկը վերածվել է դասասենյակների։

1905 թհամալիրը մեծացել է նկուղով երկհարկանի աջակողմյան թևի հաշվին (ճարտարապետ՝ Վասիլի Միրզոյան)։ Նկուղային հարկում տեղակայվել են պահեստները, խոհանոցը և ծառայողական անձնակազմի սենյակները, առաջին հարկում՝ երկու դասասենյակ և ֆիզիկայի կաբինետ, երկրորդ հարկում՝ դաստիարակների երեք սենյակ և մեկ դասասենյակ։ Մասնաշենքի ետնամասում տեղակայված են աստիճանավանդակները։ Բակում առանձին կառուցվել է հիվանդանոց՝ երեք սենյակով և լոգարանով։

Հայաստանի առաջին հանրապետության տարիներին շենքն ազգայնացվել է և դարձել հայկական օրիորդաց վարժարան։ Ուսուցումն իրականացվել է հայերենով, առավել կարևորվել են հայագիտական առարկաները։ Շենքի մի մասում գործել է Հանրային խնամատարության և աշխատանքի նախարարությունը։

1921 թվականիից վերակազմավորվել է որպես երկրորդ աստիճանի երկսեռ դպրոց։ Խորհրդային տարիներին շենքում գործել են տարբեր կրթամշակութային հիմնարկներ։

Երևանի քաղխորհրդի որոշմամբ 1982 թգիմնազիայի շենքը հատկացվել է Երևանի պատմության թանգարանին, որը 1930-ականներից տեղակայված էր Կապույտ մզկիթի տարածքում։ Երկարատև վերանորոգման պատճառով թանգարանն այստեղ է տեղափոխվել միայն 1994 թև մնացել մինչև 1997 թ, ապա տեղափոխվել է Ստեփան Շահումյանի անվան № 1 դպրոցի մասնաշենք։ 1995 թգիմնազիայի շենքը մասնավորեցվել է, իսկ 1997 թ-ից մինչ օրս մնում է լքված։

Գիմնազիան գտնվում է Ամիրյան փողոցի կարմիր գծի վրա։ Սենյակները կենտրոնացված են ներքին բակի շուրջը՝ կիսափակ կառուցվածքով։ Երկհարկանի գլխավոր մասնաշենքն ունի ուղղանկյուն հատակագիծ (43,2 × 17,3 մ, չհաշված ելուստները)։ Դասարանների (միջին չափերը՝ 40–50 քառմ, բարձրությունը՝ 3,5 մ) միջև կապն իրականացվում է 2,5 մ լայնությամբ միջանցքով։

Առանձնացված է ծավալի կենտրոնական մասը։ Առաջին հարկում գտնվում է նախասրահը, որի վրա կառուցված է դահլիճը՝ շրջապատված անտրեսոլով, շքասանդուղքով և պտուտաձև աստիճաններով։ Շենքին հարող աջ թևի հատակագիծը սրահային տիպի է։

Գլխավոր՝ հարավարևմտյան ճակատը սիմետրիկ է՝ գերիշխող կենտրոնով, որի առանցքով տեղադրված է շքամուտքը։ Երկրորդ հարկում կան կամարակապ, բարձր, երեք բացվածքներ։ Մնացած պատուհաններն ուղղանկյուն են՝ շրջակալներով։ Ճակատը մշակված է կոպտատաշ քարով։

Ինտերիերի դեկորատիվ հարդարանքը ինքնատիպ էքիվեր՝ պարզ ձևավորումներով, պատվանդանների վրա սյուներ, տերևաքանդակներ ու վարդյակներ պարունակող գալարներով բարդ խոյակներ։ Յուրօրինակ են նաև ներքին սանդուղքների մետաղե բազրիքների զարդերը։

Փողոցի կողմի ճակատը աղյուսից է՝ ցեմենտե սվաղով, իսկ մնացած պատերը՝ քարից։ Ծածկերը հարթ են՝ փայտից, տանիքները՝ թեք, միջին մասում՝ գոգավոր։

Շենքի ներսում կատարվել են վերափոխումներ։


Ամիրյան փող. 28/6