ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ՍՈՒՐԲ ՀՌԻՓՍԻՄԵ ԻԳԱԿԱՆ ԳԻՄՆԱԶԻԱ
1898, 1905
Պետ. ցուցիչ՝ 1.6.202
Ճարտարապետ՝ Իվան Վագապով
Վերականգնող ճարտարապետ՝ Վասիլի Միրզոյան
Շենքը
գտնվում է Ամիրյան փողոցում:
Գիմնազիան
հիմնադրվել է 1850 թ․ Կովկասի
կանանց բարեգործական «Սուրբ Նինա» ընկերության երևանյան վարչության միջոցներով։ Եղել
է պետական հաստատություն, գործել է պետական ծրագրերով, ուսուցումը եղել է ռուսերենով։
Դպրոցի նկատմամբ հսկողությունը դրվել է Երևանի նահանգապետ (1849–1859), գեներալ-մայոր
Իվան Նազարովի վրա։ Գործուն մասնակցություն է ցուցաբերել փոխնահանգապետ
(1849–1861) Նիկիֆոր Բլավատսկին։
1884
թ․ Կովկասյան ուսումնական օկրուգի
հոգաբարձուի հրամանով ուսումնական հաստատությունը վերակազմավորվել է եռադաս իգական
պրոգիմնազիայի, իսկ 1893 թ․ բարեգործական
ընկերության շնորհիվ բացվել է չորրորդ դասարանը։ 1898 թ․ այն լիովին վերակազմավորվել է Սուրբ Հռիփսիմե
օրիորդաց գիմնազիայի՝ նախապատրաստական, տարրական, միջին և բարձր՝ յոթ հիմնական և ութերորդ
լրացուցիչ դասարաններով, երկու բաժիններով (ռուսաց լեզվի և մաթեմատիկայի)։ Վերակազմավորումն
ավարտվել է 1904 թ․։
1917–1918
ուսումնական տարում գիմնազիայի աշակերտուհիների թիվը եղել է 526, որից՝ 352-ը հայ,
119-ը՝ ռուս։
Հաստատության
հեղինակության մեծացմանը զուգընթաց ուսումնական շենքը վերակառուցվել և ընդլայնվել է։
1859 կամ 1860 թթ․ դպրոցը վարձակալել
է Նազարովսկայա (այժմ՝ Ամիրյան) փողոցում գտնվող երկու տուն՝ այգով, Աստաֆյան (այժմ՝
Աբովյան) և Քարավանատան (այժմ՝ Եզնիկ Կողբացի) փողոցների միջև ընկած թաղամասի հյուսիսարևմտյան
մասում, որոնք 1868 թ․ ձեռք է բերել
իբրև սեփականություն։ Նույն թվականին փողոցի հակառակ կողմում՝ այժմյան Եղիշե Չարենցի
անվան դպրոցի տեղում, սկսվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շինարարությունը,
և Հռիփսիմյան դպրոցին հատկացված հողատարածքը վերադարձվել է եկեղեցուն։
1879
թ․ կառուցվել է շինություն՝ նախապատրաստական
դասարանի, գրասենյակի և խոհանոցի համար։ 1884 թ․ նախօրյակին համալիրի կազմի մեջ էին մտնում գլխավոր
մասնաշենքը, հինգ դասասենյակ, ննջասենյակներ, ճաշարան, տնօրենուհու երկսենյականոց բնակարան
և ոչ մեծ կողաշենք, որտեղ տեղավորված էին դաստիարակների, բուժակի և պահակի կացարանները։
1884
թ․ նախագծվել է երկհարկանի մասնաշենք
(ճարտարապետ՝ Միխայիլ ֆոն դեր Նոննե), որը, ըստ ամենայնի, չի իրականացվել, սակայն
1890-ական թվականներին շարունակվել է դպրոցի ընդլայնումը։ 1892–1893 թթ․ բակում կառուցվել է ինը սենյակից բաղկացած երկհարկանի
կողաշենք (ճարտարապետ՝ Իվան Վագապով)։
1898
թ․ Նազարովսկայա փողոցի կողմից
կառուցվել է գլխավոր մասնաշենքը (Վասիլի Միրզոյանի մասնակցությամբ), որտեղ տեղադրվել
են դասասենյակները, գրասենյակը, ուսուցչանոցը, գրադարանը, կաբինետները, տնօրենուհու
բնակարանը, ճաշարանը և այլն։ 1903–1904 թթ․ հարևան մասնավոր տան վրա կառուցվել է երկրորդ
հարկ, որտեղ տեղավորվել են ննջարանները, իսկ առաջին հարկը վերածվել է դասասենյակների։
1905
թ․ համալիրը մեծացել է նկուղով
երկհարկանի աջակողմյան թևի հաշվին (ճարտարապետ՝ Վասիլի Միրզոյան)։ Նկուղային հարկում
տեղակայվել են պահեստները, խոհանոցը և ծառայողական անձնակազմի սենյակները, առաջին հարկում՝
երկու դասասենյակ և ֆիզիկայի կաբինետ, երկրորդ հարկում՝ դաստիարակների երեք սենյակ
և մեկ դասասենյակ։ Մասնաշենքի ետնամասում տեղակայված են աստիճանավանդակները։ Բակում
առանձին կառուցվել է հիվանդանոց՝ երեք սենյակով և լոգարանով։
Հայաստանի
առաջին հանրապետության տարիներին շենքն ազգայնացվել է և դարձել հայկական օրիորդաց վարժարան։
Ուսուցումն իրականացվել է հայերենով, առավել կարևորվել են հայագիտական առարկաները։
Շենքի մի մասում գործել է Հանրային խնամատարության և աշխատանքի նախարարությունը։
1921
թվականիից վերակազմավորվել է որպես երկրորդ աստիճանի երկսեռ դպրոց։ Խորհրդային տարիներին
շենքում գործել են տարբեր կրթամշակութային հիմնարկներ։
Երևանի
քաղխորհրդի որոշմամբ 1982 թ․ գիմնազիայի
շենքը հատկացվել է Երևանի պատմության թանգարանին, որը 1930-ականներից տեղակայված էր
Կապույտ մզկիթի տարածքում։ Երկարատև վերանորոգման պատճառով թանգարանն այստեղ է տեղափոխվել
միայն 1994 թ․ և մնացել
մինչև 1997 թ․, ապա տեղափոխվել
է Ստեփան Շահումյանի անվան № 1 դպրոցի մասնաշենք։ 1995 թ․ գիմնազիայի շենքը մասնավորեցվել է, իսկ 1997
թ․-ից մինչ օրս մնում
է լքված։
Գիմնազիան
գտնվում է Ամիրյան փողոցի կարմիր գծի վրա։ Սենյակները կենտրոնացված են ներքին բակի
շուրջը՝ կիսափակ կառուցվածքով։ Երկհարկանի գլխավոր մասնաշենքն ունի ուղղանկյուն հատակագիծ
(43,2 × 17,3 մ, չհաշված ելուստները)։ Դասարանների (միջին չափերը՝ 40–50 քառ․ մ, բարձրությունը՝ 3,5 մ) միջև կապն իրականացվում
է 2,5 մ լայնությամբ միջանցքով։
Առանձնացված
է ծավալի կենտրոնական մասը։ Առաջին հարկում գտնվում է նախասրահը, որի վրա կառուցված
է դահլիճը՝ շրջապատված անտրեսոլով, շքասանդուղքով և պտուտաձև աստիճաններով։ Շենքին
հարող աջ թևի հատակագիծը սրահային տիպի է։
Գլխավոր՝
հարավարևմտյան ճակատը սիմետրիկ է՝ գերիշխող կենտրոնով, որի առանցքով տեղադրված է շքամուտքը։
Երկրորդ հարկում կան կամարակապ, բարձր, երեք բացվածքներ։ Մնացած պատուհաններն ուղղանկյուն
են՝ շրջակալներով։ Ճակատը մշակված է կոպտատաշ քարով։
Ինտերիերի
դեկորատիվ հարդարանքը ինքնատիպ է․ քիվեր՝ պարզ
ձևավորումներով, պատվանդանների վրա սյուներ, տերևաքանդակներ ու վարդյակներ պարունակող
գալարներով բարդ խոյակներ։ Յուրօրինակ են նաև ներքին սանդուղքների մետաղե բազրիքների
զարդերը։
Փողոցի
կողմի ճակատը աղյուսից է՝ ցեմենտե սվաղով, իսկ մնացած պատերը՝ քարից։ Ծածկերը հարթ
են՝ փայտից, տանիքները՝ թեք, միջին մասում՝ գոգավոր։
Շենքի
ներսում կատարվել են վերափոխումներ։