ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ

Card image cap

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ


Երևանի պատմության թանգարանը Հայաստանի մայրաքաղաքի կարևորագույն մշակութային և գիտական կենտրոններից մեկն է, որը ներկայացնում է Երևանի մշակութային ժառանգությունը:


360 վիրտուալ շրջագայություն թանգարանով

Երևանի պատմության թանգարանը հիմնադրվել է 1931 թ. Երևանի քաղաքային կոմունալ բաժնին առընթեր և կոչվել է կոմունալ թանգարան: Զբաղեցրել է ներկայիս Անդրեյ Սախարովի անվան հրապարակում կառուցված Կամավոր հրշեջ ընկերության շենքի (1930 թ., ճարտարապետ՝ Նիկողայոս Բունիաթյան, երրորդ հարկը՝ Աննա Տեր-Ավետիքյան) սենյակներից մեկը: 1936 թ. տեղափոխվել է պարսկական Կապույտ մզկիթի (Գյոյ ջամի, կառուցել է Երևանի սարդար Հուսեին Ալի խանը 1765-1766 թթ.) տարածք, որտեղ մնացել է մինչև 1990-ական թթ.:

1982 թ. Երևանի քաղաքային խորհրդի որոշմամբ թանգարանին է հատկացվել Հռիփսիմյան գիմնազիայի շենքը (Ամիրյան փողոց 6): Երկարատև վերանորոգման պատճառով թանգարանն այստեղ է տեղափոխվել միայն 1994 թ. և մնացել մինչև 1997 թ., ապա փոխադրվել է Ստեփան Շահումյանի անվան N 1 դպրոցի մասնաշենք (Մաշտոցի պողոտա 33) մինչև 2005 թ.:

2005 թ. առ այսօր թանգարանը գործում է Երևանի քաղաքապետարանի շենքում (Արգիշտի 1), որտեղ թանգարանին հատկացվել է առանձին տարածք (Արգիշտի 1/1): 

Շենքի նախագծի ճարտարապետներ Ջիմ Թորոսյանը, Ռոմիկ Մարտիրոսյանը, կոնստրուկտոր Հենզել Հակոբյանը և կառուցապատող Գագիկ Գալստյանը (հետմահու) 2007 թ. արժանացել են ՀՀ պետական մրցանակի։


Թանգարանի գիտական խորհրդի անդամներն են եղել ժամանակի խոշորագույն մտավորականներն ու արվեստագետները՝ ճարտարապետներ Ալեքսանդր Թամանյանը, Թորոս Թորոմանյանը, Նիկողայոս Բունիաթյանը, Միքայել Մազմանյանը, նկարիչներ Մարտիրոս Սարյանը, Գաբրիել Գյուրջյանը, Տարագրոսը (Տարագրոս Տեր-Վարդանյան), քանդակագործ Արա Սարգսյանը, գիտնականներ Ստեփան Լիսիցյանը, Երվանդ Շահազիզը, Սեդրակ Բարխուդարյանը, Բաբկեն Առաքելյանը, Թադևոս Հակոբյանը և ուրիշներ:


ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Երևանի պատմության թանգարանի ներկայիս ցուցադրությունը այցելուների համար բացվել է 2007 թ. ապրիլի 3-ին: Թանգարանի հավաքածուն ներառում է քաղաքի ձևավորման ու զարգացման ողջ ընթացքը ներկայացնող շուրջ 100 000 հնագիտական, ազգագրական, դրամագիտական, կերպարվեստի, դեկորատիվ-կիրառական արվեստի բացառիկ նմուշներ և փաստավավերագրական նյութեր՝ սկսած հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ 
Հիմնական ցուցադրությունը ներկայացված է «Երևանի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև ուշ միջնադար», «Երևանը XIX դարում», «Երևանը XIX դարավերջից մինչև մեր օրերը» բաժիններում:
Թանգարանում ցուցադրվող հնագիտական նմուշները ներկայացնում են քաղաքի հազարամյակների պատմությունը, ազգագրական և կենցաղային իրերը պատկերացում են տալիս երևանի բնակիչների առօրյայի, սովորույթների ու արժեքների մասին, իսկ գեղարվեստական ու փաստագրական նյութերը բացահայտում են քաղաքաշինության, արվեստի և հասարակական կյանքի զարգացումները։
Երևանի պատմության թանգարանը քաղաքային հիշողության պահպանման կենտրոն է և Երևանի յուրօրինակ այցեքարտը։

 



Երևանի քաղաքապետարան


ԺԱՄԵՐԸ ԵՎ ՄՈՒՏՔԸ


Երկուշաբթի-շաբաթ՝ 11:00-17:30

Կիրակի` փակ է


ՄՈՒՏՔ


Մեծահասակներ –  1500 դրամ

Ուսանողներ –  1000 դրամ

Աշակերտներ – 500 դրամ


ԷՔՍԿՈՒՐՍԻԱ


Հայերեն  2000 դրամ

Էքսկուրսիա խաղով – 3000 դրամ

Անգլերեն, ռուսերեն  5000 դրամ

Կրթական ծրագիր – 3000 դրամ


Արգիշտի փող. 1/1
+37410 568 185