ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ԱՐԱՄ ՏԵՐ-ԱՎԵՏԻՔՅԱՆԻ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ԵՎ ԲՈՒԺԱՐԱՆ


1912-1914


Պետ. ցուցիչ՝ 1.6.178.4.1

Գտնվում է Աբովյան փողոցում։

Տունը նախապես պատկանել է Գևորգ և Օհան Դիլանյան եղբայրներին։ Այն եղել է միահարկ՝ կառուցված տուֆ քարից։ Տանիքը թիթեղյա էր, հատակը՝ փայտից, իսկ առաստաղը սվաղված էր գաջով։ Ուներ 6 սենյակ, 3 նախասենյակ և 1 խոհանոց։

1909 թ. ապրիլին Դիլանյան եղբայրները տունը վաճառել են Մաթևոս Սանագյանին, որն էլ իր հերթին 1910 թ. հունիսին այն վերավաճառել է բժիշկ, մասնավոր հիվանդանոցի տեր Արամ Տեր-Ավետիքյանին։ Վերջինս 1912–1914 թթ. կառուցել է տան երկրորդ հարկը։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին այստեղ գործել է Կարմիր խաչի ընկերությունը։

1921 թ. մեկ ամիս այս տանն է ապրել Թիֆլիսից Երևան ժամանած բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։

Բակով և հինգ կրպակներով տունը պատկանել է բժիշկ Տեր-Ավետիքյանին մինչև 1923 թ.։

1923 թ., Հայաստանի խորհրդայնացումից հետո, տունը ազգայնացվել է։ 1920-ական թթ. այստեղ են ապրել խորհրդահայ պետական և կուսակցական գործիչներ Հայկ Յաղուբյանը, Արտաշես Կարինյանը և Հայկ Հովսեփյանը։

Տունը ներքին բակով, գրեթե ուղղանկյուն հատակագծով շինություն է։ Կենտրոնական առանցքով տեղադրված են նախասրահը և սանդղավանդակը։ Գլխավոր մասնաշենքի հարկի հատակագծային կառուցվածքում գերիշխում են երկու սրահներ, որոնք իրարից բաժանված են նախասրահով։

Հարկի աջ թևում սենյակները դասավորված են երկու շարքով՝ ուղղված դեպի հարավ-արևելք (փողոց) և դեպի հյուսիս-արևմուտք (բակ)։ Ձախ թևի սենյակները միացված են միջանցքով։ Դեպի փողոց ուղղված են երեք բարձակային պատշգամբներ։ Հարավ-արևմտյան պատի երկայնքով կառուցված են անտրեսոլներ։ Բակի մասնաշենքի մի քանի սենյակներ նախատեսված են եղել բուժարանի համար։

Գլխավոր՝ հարավարևելյան ճակատի սիմետրիկ հորինվածքում առանձնանում է կենտրոնական առանցքը։ Շքամուտքի կորագիծ բացվածքը ձևավորված է հոնիական խոյակներով կիսասյուներով։ Վերին բացվածքը նույնաձև է, սակայն փոքր չափերի։ Ճակատի միջնամասի գոտևոր հատվածում առկա է ոճավորված զարդաքանդակ։ Պատը ավարտվում է կլոր բացվածքներով, իսկ ատտիկով շեշտված են տանիքին՝ պատվանդանի վրա դրված յուրօրինակ ծաղկամանները։ Կենտրոնական պատշգամբի բազրիքը մշակված է կլոր բացվածքներով։ Մյուս երկու պատշգամբների բազրիքներն ունեն թեթև մետաղական նախշեր։ Ներքևի հարկում ցուցափեղկ-պատուհանները մշակված են կոպտատաշ քարերով։ Ծածկերն հարթ են՝ փայտե հեծաններով։ Տանիքը թեք է՝ թիթեղապատ։

Կառուցվածքային համակարգում կրող պատերը շարված են տուֆից և աղյուսից։ Փողոցի կողմի ճակատը երեսպատված է սրբատաշ տուֆով։

Շենքը արժեքավոր է որպես XIX դարի վերջի և XX դարի սկզբի ճարտարապետության հուշարձան։

Բուժարանը եղել է հին Երևանի երկու խոշոր մասնավոր բուժարաններից մեկը։


Աբովյան փող. 1/1