ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐ


1958


Պետ. ցուցիչ` 1.6.162

Ճարտարապետ՝ Մարկ Գրիգորյան


Նախկինում` ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՇԵՆՔ

 

Շենքը գտնվում է Մարշալ Բաղրամյան պողոտայում: Փողոցից առանձնանում է պարսպով և մուտքի ճաղաշարով (դրվել են ՀՀ անկախության տարիներին):

Գլխավոր մասնաշենքը նախագծվել է 1951 թ.` որպես Հայկական ԽՍՀ Նախարարների Խորհրդի տուն, հետագայում եղել է ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի նախագահության շենք:

Հատակագծում ուղղանկյուն կառույց է: Երկհարկանի, ոչ բարձր ու նեղ գլխավոր ճակատով նայում է պողոտային: Դեպի տարածքի խորքը ձգվում են կողային մեկհարկանի բաց սրահներ, որոնք ունեն հոնիական օրդերի 12-ական սյուներ և հիշեցնում են վաղ միջնադարյան հայկական ճարտարապետական կառույցները (մասնավորապես՝ Երերույքի բազիլիկան): 

Շենքն ունի 2 մ բարձրությամբ բազալտե որմնախարիսխ, գլխավոր ճակատը լուծված է մոնումենտալ խոշոր ձևերով: Նրա կամարակապ շքամուտքն ավարտվում է եռանկյունաձև ճակտոնով, որը հենվում է դասական օրդերի խոյակների (և սյուների) վրա: 

Շենքի միջնամասում գտնվում է ընդունելությունների՝ թաղակապ սրահը (մեծ դահլիճ), որը լուսավորվում է թաղի հիմքի երկու կողմերում գտնվող կիսաշրջանաձև պատուհաններով: Աչքի է ընկնում դասական և ազգային ճարտարապետական ձևերի համադրությամբ: Կառուցված է բաց դեղնավուն ֆելզիտից ու բազալտից, ընդգծվում է շրջակայքի կառուցապատման և կանաչապատման ֆոնի վրա: 

1987 թ. գլխավոր մասնաշենքի երկու կողմերում ավելացվել է 10 մ լայնությամբ և 6 մ երկարությամբ երկու եռահարկ շենք: 

2009-2010 թթ. ճարտարապետ Նարեկ Սարգսյանի նախագծով շենքի առանցքով ետնամասում կառուցվել է նոր, քառահարկ վարչական մասնաշենք: 

1992-2018 թ. շենքը ծառայել է որպես ՀՀ նախագահի նստավայր, ապա կարճ ժամանակով եղել է ՀՀ վարչապետի նստավայրը։ 2019 թ. մարտից այն վերստին  ՀՀ նախագահի նստավայրն է:

Երևանի ավագանու որոշմամբ 2019 թ. ապրիլին ՀՀ նախագահի նստավայրն անվանակոչվել է «Հանրապետության տուն»:                                                                      


Բաղրամյան պող. 26