ՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ
ԵԿԵՂԵՑԻ ՍԲ. ՀԱԿՈԲ
1695 թ.
Պետ. ցուցիչ՝ 1.12.6
Գտնվում է Քանաքեռի 6-րդ փողոցում։ Նվիրված է Մծբնա Սբ Հակոբ հայրապետին։ Ենթադրվում է, որ կառուցվել է Արարատյան դաշտավայրի 1679 թ. ավերիչ երկրաշարժից կործանված եկեղեցու տեղում։ Մասնակի վերանորոգվել է 1798 թ.։ Եղել է Քանաքեռ գյուղի ծխական եկեղեցին: Գործում է:
Եկեղեցին ունի զույգ մույթերով, խորանի երկու կողմում զույգ ավանդատներով, թաղածածկ, եռանավ բազիլիկ հորինվածք: Մույթերը կտրվածքում խաչաձև են, թաղերն
ու թաղակիր կամարները՝ սլաքաձև: Երկթեք տանիքի վրա բարձրանում է վեցսյունանի փոքրիկ ռոտոնդան: Արևմտյան ճակատին կից են չորս որմնամույթեր` միմյանց միջև ձգված որմնակամարներով, որոնք նախատեսվել են եռակամար բաց սրահ կառուցելու համար, սակայն շինարարությունն անավարտ է մնացել: Արտաքին չափերն են՝ 16.2 x 23.8 մ, ներքին չափերը` 13.7 x 17.2 մ, միջին նավի բարձրությունը` 10.5 մ:
Եկեղեցու արևմտյան գլխավոր մուտքը կերտվել է Քանաքեռի Սբ Աստվածածին եկեղեցու նման. մուտքը բացվել է ճակատի երեք կամարակապ որմնախորշերից կենտրոնականի մեջ, իսկ եզրային որմնախորշերում ագուցվել են խաչքարեր: Եկեղեցու երկրորդ մուտքը բացվել է հարավից: Լուսավորությունն իրականացվում է բոլոր պատերի մեջ բացված լուսամուտներով: Խորանի լուսամուտն ունի խաչաձև ճոխ հարդարանք: Ներքին տարածությունը հարդարված է նորկտակարանյան թեմատիկ որմնանկարներով (XVIII դ., մեկը՝ 1739 թ.):
Պատերին ագուցված են խաչքարեր՝ Սահակի (1621 թ.), տեր Դավթի
(XVII դ.), Հերապետ (Հայրապետ) կազմողի (XVI դ.) և այլն: Կան արձանագրություններ եկեղեցու մույթերը կառուցող մեկենասների անուններով. օրինակ՝ հարավարևելյան մույթը կառուցվել է Գյուլնազարի, իսկ հյուսիսարևելյանը` Ավագի ու Գրիգորի միջոցներով:
Եկեղեցու հարավ-արևմտյան
կողմում պահպանվել է 1868 թ. Սիմեոն Առնջեցի վարպետի կառուցած դարպասը:
Շինանյութը երևանյան սև և կարմիր սրբատաշ տուֆն է։
Եկեղեցու շուրջը տարածվող
գերեզմանոցում պահպանվել են Մինախաթունի հիշատակին միջնադարյան քարգործ վարպետ
Տրդատի կերտած խաչքարը (XVI դ․), 1750 թ. (Հովհաննեսի, հայ-վրացերեն
արձանագրությամբ), 1767 թ. (Գրիգոր յուզբաշու),
1789 թ. (Հարությունի), 1833 թ․(Նատալյայի) և այլ արձանագիր տապանաքարեր։ Վերջինը Հայկական մարզի
առաջին կառավարիչ (1830-1838), գեներալ-մայոր, իշխան Բարսեղ Բեհբությանի (Վասիլ
Բեհբութով) միամյա դստեր մարմարե շիրմաքարն է։
2000-ական
թթ. սկզբին եկեղեցին վերանորոգվել է, տարածքը բարեկարգվել է ու ցանկապատվել:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնե ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան