ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ԱՐՔՈՒՆԱԿԱՆ ՊԱԼԱՏ ԵՎ ՆԱՀԱՆԳԱԿԱՆ ԳԱՆՁԱՏՈՒՆ
1901
Պետ. ցուցիչ՝ 1.6.102.4
Ճարտարապետ՝ Վասիլի Միրզոյան, Ն. Կիտկին
Գտնվում
է Անդրեյ Սախարովի հրապարակում: Որպես պալատ գործել է մինչև 1918 թ: Շինարարությունն
սկսվել է 1900 թ. և ավարտվել 1901 թ.: Երկհարկանի, նկուղով կառույց է: Հատակագիծն ունի
բարդ երկրաչափական պատկեր: Գլխավոր մուտքը Նալբանդյան փողոցից է՝ շքասրահով և եռաթռիչք
սանդուղքով: Առաջին և երկրորդ հարկերում տեղակայված էին բաժանմունքներն ու հաշվապահական
սենյակները, դրամախցերը, պաշտոնատարության սրահը, կառավարչի և գանձապետի առանձնասենյակները,
ինչպես նաև ծառայողական այլ սենյակներ։ Գետնահարկում գտնվում էին սուրհանդակների և
ցրիչների սենյակները, արխիվը, օժանդակ տարածքները և այլն։
Շենքի
հարավարևելյան թևն իր լուծմամբ և պատկերով առանձնանում է հիմնական ծավալից՝ աստիճանավանդակով։
Անդրեյ Սախարովի անվան հրապարակից մեկուսի երկու մուտք տանում էին գանձապետի և կառավարչի
բնակարաններ։ Շենքը շարված է կոպտատաշ տուֆով: Փողոցահայց ճակատները երեսապատված են
երևանյան սև տուֆով: Պատշգամբները փայտից են:
Շենքն
արժեքավոր է որպես XIX դարավերջի և XX դարասկզբի ճարտարապետական հուշարձան։ Ուշագրավ
է ապակեպատ պատշգամբը, որը Երևան քաղաքի այդ ժամանակաշրջանի պահպանված ճարտարապետության
միակ նմուշն է: