ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՏՈՒՆ
1926 - 1940, 1950-ականներ
Գտնվում է Հանրապետության հրապարակի համալիրում՝ Նալբանդյան, Մելիք-Ադամյան փողոցներով և Տիգրան Մեծի պողոտայով սահմանափակված տարածքում:
Կառուցվել է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծով: Նախագծմանը մասնակցել և Թամանյանի մահից (1936) հետո շինարարությունը շարունակել է որդին՝ ճարտարպետ Գևորգ Թամանյանը:
Շինարարությունն իրականացվել է երեք փուլով: Առաջին փուլը սկսվել է
1926 թ., երբ Նալբանդյան փողոցի վրա կառուցվել է Հողագործության ժողովրդական կոմիսարիատի երկհարկանի շենքը, որը
հետագայում ներառվել է Կառավարական առաջին տան կազմի մեջ: 1936-1938 թթ. կառուցվել
է Հողժողկոմատի շենքի երրորդ հարկը:
1935 թ. սկսվել է Կառավարական տան հիմնական
մասի շինարարությունը: Հողժողկոմատի շենքի և հետագայում՝ Կառավարական տան կառուցման
գործում որպես պատվիրատու անմիջական մասնակցություն է ունեցել Արամայիս Երզնկյանը,
սկզբում որպես Հողագործության ժողովրդական կոմիսար, ապա՝ որպես Հայկական ԽՍՀ Ժողովրդական
կոմիսարների խորհրդի նախագահի տեղակալ:
Հողժողկոմատի շենքի խոյակներն ու զարդանախշերը
նկարել և փորագրել է նկարիչ Տարագրոսը: Զարդաքանդակները կատարել է նաև Վաղարշակ Մելիք-Հակոբյանը:
Նալբանդյան և Մելիք-Ադամյան փողոցների անկյունում գտնվող եռանիստ նախասրահի հարթաքանդակները
կատարել է քանդակագործ Սուրեն Ստեփանյանը (ոչ բոլորն են ավարտված): Աշխատանքային գծագրերի
կազմմանը մասնակցել է ճարտարապետ-նկարիչ Բասինը:
Շենքի՝ Մելիք-Ադամյան փողոց դուրս եկող հատվածը
նախագծել է Գևորգ Թամանյանը, 1957 թ.: Շինարարությունն իրականացվել է 1959 թ., ճարտարագետ
Լևոն Երզնկյանի ղեկավարությամբ: Գլխավոր մասնաշենքի և Տիգրան Մեծի պողոտայի թևի շինարարությանը
մասնակցել են ճարտարապետներ Օնիկ Դոխիկյանը, Ա. Հարությունյանը, ճարտարագետներ Լ. Մելիք-Հայկարյանը,
Գ. Ջանփոլադյանը, քարգործ վարպետներ Պատո Խարազյանը, Մենդգիյան եղբայրները, Ս. Շահվերդյանը,
Գ. Աբգարյանը: Մինչև 1950 թ. Նալբանդյան փողոցի թևում տեղակայված էին Հայաստանի կոմունիստական
կուսակցության կենտրոնական կոմիտեն և ՀԿԿ քաղաքային կոմիտեն:
Կառավարական
առաջին տունն ունի ճարտարապետական- հատակագծային անհամաչափ լուծում: Անկյունային մասերը
շեշտված են մոնումենտալ շքամուտքերով և հրապարակի վրա տեղադրված 30 մ բարձրությամբ
աշտարակով, որն ունի ժամացույց և կամարով թաղակապ երթանց դեպի ներքին բակ: Աշտարակն
ընդգծում է Նալբանդյան փողոցի ուղղությամբ անցումը դեպի ավելի ցածր կողաշենք (16 մ):
Ճարտարապետական հորինվածքում օգտագործված են դասական համաչափությունները, ազգային ճարտարապետական
ձևերը, ճակատների ստորակարգությունը, որին համապատասխանում է նաև հարդարանքի կենտրոնից
եռաստիճան նվազումը: Կառավարական տան շենքի ճարտարապետության մեջ առաջին անգամ տեղ
են գտել հնարքներ, որոնք հիմք են դարձել հայ խորհրդային ճարտարապետության ձևավորման և թամանյանական դպրոցի ստեղծման համար:
Ճակատներում լայնորեն օգտագործվել են զարդաքանդակը և ազգային զարդանախշը (քանդակագործներ՝
Վաղարշակ Մելիք-Հակոբյան, Սուրեն Ստեփանյան, նկարիչ՝ Տարագրոս): Շենքի պարագիծը
500 մ է, կենտրոնական մասի երկարությունը՝ 100 մ, բարձրությունը՝ 25 մ:
1939
թ. Կառավարական առաջին տան դիմաց կառուցվել է 12-մետրանոց մայթ, որտեղ նախատեսված էին
նաև կանաչապատ տարածքներ:
Խորհրդահայ
ճարտարապետության պատմության մեջ առաջին անգամ ներքին տարածությունն ամբողջությամբ
երեսպատվել է քարով՝ բաց կաթնագույն
ֆելզիտով: Պատի վրա տեղադրված է եղել Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդ Վլադիմիր
Լենինի խճանկարը:
Կառավարական
առաջին տունը դարձել է Հանրապետության հրապարակի կառուցապատման հիմքը և կանխորոշել
է հետագայում համալրված կառույցների ճարտարապետական առանձնահատկությունները, մնալով
անգերազանցելի իր ծավալային և գեղարվեստական չափանիշներով:
1941
թ. արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի: