ՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ

Card image cap

ԿԱԹՈՂԻԿԵ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ


Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցին միջնադարյան Երևանի կանգուն մնացած եզակի հուշարձան է:


13-րդ դ

Պետ ցուցիչ՝ 1673

Երևանի Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցին փոքրաչափ (5.4 x 7.6 մ), գողտրիկ կառույց է: Թվագրվում է 13-րդ դար, որի համար հիմք են ընդունվել եկեղեցու պատերին պահպանված համաժամանակյա վիմական արձանագրությունները, մասնավորապես, հարավային պատին փորագրված ամենավաղ տեքստը՝ Երևանը «հողով ու ջրով» գնելու մասին Սահմադինի 1264 թ. արձանագրությունը: 1284 թ եկեղեցին որպես նվիրատվություն ստացել է հողամաս, 1301 թ՝ երկու կրպակ, 1318 թ՝ հողեր Նորագավթում, 1598 թ՝ այգի։ 1604 թ Պարսից շահ Աբբաս Ա-ի կողմից Երևանը գրավելու ժամանակ Սուրբ Աստվածածինը վնասվել է։ 1609 թ Խոջա Գրի­գորը եկեղեցուն կից կառուցել է ժամատուն, նվիրաբերել ձեռագրեր, եկե­ղեցական թանկարժեք սպասք։ 17-րդ դ Սուրբ Աստվածածինն ունեցել է օթևան, որտեղ ի­ջևանել և մինչև Էջմիածնի Մայր տաճարի նորոգման ավարտն ապրել է Ամենայն Հայոց կաթողիկոս Մովսես Գ Տաթևացին։ Արարատյան դաշտավայրի 1679 թ երկրաշարժի հետևանքով փոքր եկեղեցին մնացել է կանգուն, բայց ավերվել է ժամատունը։ 1693-1695 թթ տեղում կառուցվել է նույնանուն, երկու զույգ խաչաձև մույ­թերով, եռանավ բազիլիկ մեծ եկեղեցի։ Փոքր եկեղեցու արևմտյան ճակատը վերածվել է կամարակապ մեծ բացվածքի, ինչի շնորհիվ այն ընդգրկվել է նորակառույց եկեղեցու մեջ և վերջինիս համար ծառայել է որպես խորան։

Սուրբ Աստվածածին եկեղեցին գմբեթավոր հորինվածք է: Որպես ճարտարապետական ա­ռանձին շինություն՝ հայտնաբերվել է մեծ եկեղեցին քանդելիս (1936 թ. դեկտեմբեր-1937 թ մարտ), որն իրակա­նացվել է Երևան քաղաքի նոր հատակագծի և փողոցների բարեկարգման նախագծի շրջանա­կներում։ Եկեղեցու արևմտյան պատին պահպանվել են Սուրբ Պողոս և Սուրբ Պետրոս առաքյալներին, Սուրբ Հռիփ­սիմե և Սուրբ Գայանե կույսերին պատկերող որմնանկարներ (1819)։ Կառուցված է սրբա­տաշ տուֆից։

Կաթողիկե եկեղեցին միջնադարյան Երևանի` մինչև 1679 թ. ավերիչ երկրաշարժը կառուցված և կանգուն մնացած եզակի հուշարձանն է, ուստի՝ որոշվել է պահպանել այն: Այդ նպատակով 1937 թ. վերանորոգվել է, շրջապատը բարեկարգվել է: Մասնակի նորոգման աշխատանքներ են կատարվել նաև 1950 թ.: Արևմտյան ճակատի կամարակապ մեծ բացվածքը ապակեպատվել է:

ՀԽՍՀ ԳԱ Լեզվի ինստիտուտի կառուցումից հետո մի քանի տասնամյակ եկեղեցին մնացել է շենքի բակում՝ փողոցից անտեսանելի: 2000-ական թթ., երբ հարակից տարածքը հատկացվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն, և սկսվել են Սուրբ Աննա եկեղեցու շինարարական աշխատանքները (2011-2014), Լեզվի ինստիտուտը քանդել են, եկեղեցու  ապակեպատ ճակատը՝ վերականգնել: 13-րդ դարի կառույցը վեր է հառնել իր ամբողջ վեհությամբ և այժմ տեսանելի է բոլոր կողմերից: Եկեղեցին գտնվում է Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկի հյուսիսային անկյունում՝ Աբովյան փողոց 15 հասցեում։ Այն անվանել են նաև «Երևանա ժամատեղիք»։


Աբովյան փող. 17
+37455 913 545