ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ՊԱՐԹԵՎ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
1931, 1936-1939
Պետ. ցուցիչ՝ 1.6.82
Ճարտարապետներ՝ Նիկողայոս Բունիաթյան, Մարկ Գրիգորյան
Գտնվում
է Մեսրոպ Մաշտոցի պողոտայի և Արամի փողոցի խաչմերուկում:
ՀԽՍՀ
կառավարության որոշմամբ 1931 թ. Երևանում ստեղծվեց «Մայրության և մանկության պահպանության
ինստիտուտը», որը 1937 թ. վերանվանվեց «Մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական
ինստիտուտ», իսկ 1989 թ.՝ «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»:
Երևանցիների շրջանում հայտնի է «Մարգարյան հիվանդանոց», «Մարգարյան ծննդատուն» անուններով:
Կրել է նախ՝ Նադեժդա Կրուպսկայայի, ապա՝ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Պարթև
Մարգարյանի անունը:
Ծննդատան
շենքն սկսել են կառուցել որպես ՀԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհրդի շենք, սակայն
Լենինի (այժմ՝ Հանրապետության) հրապարակում Կառավարական 1-ին տան կառուցման հետ կապված,
նրա շինարարությունը սառեցվել է քաղաքի գլխավոր հատակագծի հեղինակ, ճարտարապետ Ալեքսանդր
Թամանյանի կողմից։ 1932 թ., այնուամենայնիվ, նախագիծը հաստատվեց, և կառուցվեց հիվանդանոցի
(100 մահճակալով) առաջին հարկը, որը շատ առումներով որոշեց շենքի արտաքին տեսքը։ Արդեն
կառուցված ցոկոլային հարկի վրա, 1935 թ. ճարտարապետ Մարկ Գրիգորյանի կազմած նախագծով
սկսվեց ծննդատան շինարարությունը:
Շենքն
ունի համաչափ լուծում: Կողային զույգ մասնաշենքերը միավորվել են կիսաշրջանաձև ծավալի
միջոցով, որը գերիշխում է ծավալատարածական ընդհանուր լուծման մեջ: Այդ մասն ունի դուրս
եկող ստորին հարկ, որտեղ ստեղծվել է գլխավոր մուտքի եռակամար բացվածքը, և 2-րդ ու
3-րդ հարկերի ետ ընկած հնգանիստ ծավալ՝ ռոտոնդայի տեսքով: Ամբողջ ծավալը պսակված է
քիվով, որը շարունակվում է կողային թևերում: Բակի կողմից կառուցվել են առանձին շինություններ:
Արամի փողոցի կողմից պատին ամրացվել են քանդակային հորինվածքներ:
Երևանի
առաջին խոշոր ծննդատներից է: