ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ԲԵՐԴ
VII-XIX դդ.
Պետ. ցուցիչ՝ 1.6.76
Վերականգնում՝ XVI, XVII, XIX դդ.
Երևանի
բերդը գտնվել է Հրազդան գետի ձախ ափին։ Վաղ միջնադարյան բերդը հավանաբար գտնվել է Կոնդ
թաղամասում, այնուհետև ընդարձակվելով՝ զբաղեցրել է ներկայիս Երևանի «Արարատ» գինու
գործարանի տարածքը։
Բերդն
առաջին անգամ հիշատակվում է VII դ.՝ արաբական արշավանքների առնչությամբ։ Պատմիչ Սեբեոսը
գրում է, որ արաբները պաշարել են բերդը, սակայն չեն կարողացել գրավել այն։ Հետագայում
բերդը բազմիցս հիշատակել են հայ և օտարազգի հեղինակները։
Զարգացած
միջնադարում Երևանի բերդը Արարատյան աշխարհի կենտրոնն էր և ռազմական գլխավոր հենակետը։
XV դ. երկրամասի հետ միասին այն մտնում էր թուրքմենական աղ-կոյունլու («սպիտակ ոչխար»)
պետության կազմի մեջ։ 1502 թ. գրավվել է Սեֆյան Պարսկաստանի հիմնադիր Շահ Իսմայիլի
զորքերի կողմից։ XVI–XVIII դդ. շուրջ երկու դար տևած թուրք-պարսկական պատերազմների
ընթացքում բերդը 14 անգամ ձեռքից ձեռք է անցել, բազմիցս ավերվել և վերակառուցվել՝ ենթարկվելով
էական փոփոխությունների։
Պարսից
տիրապետության շրջանում այստեղ գտնվել են Թոխմախ խանի պալատն ու այգիները։ 1583 թ.
անցել է թուրքերին։ Օսմանյան զորահրամանատար Ֆահրադ փաշան 45 օրում վերակառուցել է
պալատի շրջակայքը և ամրացրել պարիսպները։ Այդ նպատակով թուրքերը քանդել են հայկական
եկեղեցիները և դրանց քարերն օգտագործել շինարարության համար։
1604
թ. Շահ Աբաս Ա-ի օրոք բերդը գրավվել է պարսիկների կողմից և վերաշինվել ու շենացվել։
1639
թ. Օսմանյան Թուրքիայի և Սեֆյան Պարսկաստանի միջև կնքված պայմանագրով Հայաստանի արևելյան
մասն անցել է Պարսկաստանին, իսկ արևմտյանը՝ Թուրքիային։ Երևանը՝ որպես համանուն պարսից
խանության վարչական կենտրոն, իսկ բերդը՝ խանի (սարդարի) նստավայր, մնացել է մինչև
XIX դ. առաջին տասնամյակները՝ մինչև Այսրկովկասում պարսից տիրապետության ավարտը։
Երևանի
բերդը մեծապես ավերվել է 1679 թ. երկրաշարժից և վերականգնվել է Պարսից սարդար Զալ խանի
օրոք։ 1724 թ. այն կրկին գրավել են թուրքերը։ Պարսիկները բերդին տեր են դարձել Նադիր
շահի օրոք՝ 1735 թ.։ Վերջին անգամ բերդը ամրացվել և բարեկարգվել է XIX դ.՝ պարսից վերջին
սարդար Հուսեյն Ղուլի խանի օրոք՝ ֆրանսիացի և անգլիացի ռազմական մասնագետների օգնությամբ։
Բերդի
հնագույն կառուցվածքի վերաբերյալ տվյալներ չեն պահպանվել։ Պարսկական տիրապետության
շրջանի շինություններից ամենանշանավորը սարդարի պալատն է։ Այստեղ վերակառուցումներ
են կատարել Ամիր-Գունա խանը (1604–1625), ինչպես նաև Զալ խանը՝ 1679 թ. երկրաշարժից
հետո։ Երևանի սարդարի պալատի կառուցումն ավարտվել է 1790-ական թթ.՝ Երևանի սարդար Մահմադ
խանի օրոք։ Այդ ժամանակ կառուցվել է հայելազարդ սրահը (ճարտարապետ՝ Միրզա Ջաֆար), որն
ունեցել է «դրախտանման» պարտեզ։ 35 × 15 մ չափերով պալատը կառուցվել է քարուկրից, մյուս
շինությունները՝ քարից և հում աղյուսից։
Պալատական
համալիրը վերածվել է միջնաբերդի՝ 8 աշտարակով պարիսպով և մզկիթով։ Արտաքինից այն ամրացվել
է 43 աշտարակով։ 1603 թ. բերդից հարավ կառուցված պարիսպն ունեցել է 355,5 մ երկարություն։
Բերդն ունեցել է երկու մուտք՝ Շիրվանի (հյուսիսային) և Թավրիզի (հարավային), ինչպես
նաև ստորգետնյա անցում, որով կապվել է Հրազդան գետի հետ։
1725
թ. թուրք Ռաջափ փաշան կառուցել է բերդի գլխավոր մզկիթը։
Ռուս-պարսկական
պատերազմների (1804–1813, 1826–1828) ընթացքում Երևանի բերդը երեք անգամ (1804,
1808, 1827) պաշարվել է ռուսական զորքերի կողմից։ Միայն 1827 թ. հոկտեմբերի 1-ին գեներալ
Իվան Պասկևիչի ղեկավարությամբ, հայերի աջակցությամբ, ռուսական զորքերը կարողացել են
գրավել բերդը։ Բերդի գրավման կապակցությամբ սահմանվել է հատուկ շքանշան, որով պարգևատրվել
են հազարավոր մասնակիցներ, իսկ Պասկևիչը ստացել է «Երևանյան կոմս» տիտղոսը։
1828
թ. փետրվարի 10-ի Թուրքմենչայի պայմանագրով բերդը և ամբողջ Այսրկովկասը վերջնականապես
անցել են Ռուսական կայսրությանը։
Ռուսական
տիրապետության ընթացքում բերդը պահպանել է ռազմավարական նշանակությունը՝ որպես սահմանամերձ
ամրություն և վարչական կենտրոն։ 1828–1840 թթ. այն եղել է Հայկական մարզի կառավարչի,
1840–1850 թթ.՝ Վրաց-Իմերեթյան նահանգի Երևանի գավառապետի, իսկ 1850–1864 թթ.՝ Երևանի
նահանգապետի նստավայրը։
Սարդարի
պալատի հայելապատ դահլիճում գործել է զինվորական ակումբ։ Այստեղ 1827 թ. հոկտեմբերին
ռուս սպաների մասնակցությամբ բեմադրվել է Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»
պիեսը, որին ներկա է եղել նաև հեղինակը։
1827
թ. կատարվել է բերդի չափագրում, ըստ որի այն ունեցել է ուղղանկյան ձև՝ 790 × 850 մ
չափերով և զբաղեցրել է մոտ 7 հա տարածք։ Պարսպապատերի ընդհանուր երկարությունը կազմել
է մոտ 4.5 կմ։ 1837 թ. Սարդարի պալատում իջևանել է Նիկոլայ I ցարը։
XIX
դ. երկրորդ կեսից բերդը կորցրել է իր ռազմավարական նշանակությունը և 1864 թ. լուծարվել
է։ Զորքը տեղափոխվել է Քանաքեռ, իսկ տարածքը աստիճանաբար վերածվել է բնակելի թաղամասի։
1877
թ. Ներսես Թաիրյանը բերդի տարածքում հիմնել է գինու արտադրություն, իսկ 1887 թ.՝ կոնյակի
արտադրություն։ Գործարանի շենքի կառուցման հարցում Ն. Թաիրյանին նյութապես աջակցել
է ազգականը՝ հայ մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին։ Ավելի ուշ գործարանը դարձել
է «Նիկոլայ Շուստով և որդիներ» ընկերության սեփականություն և ընդլայնվել։
1920
թ. համալիրն ազգայնացվել է և հետագայում դարձել «Արարատ» տրեստի մաս։ Սարդարի պալատի
տեղում կառուցվել են մառաններ (1937, 1961, ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան, Գևորգ
Քոչար, քանդակագործ՝ Արա Հարությունյան)։
Երևանի
բերդի տարածքում հետագայում իրականացվել են նաև բնակելի կառուցապատումներ, իսկ
2004 թ. կառուցվել է «Երևանյան բերդ» բնակելի թաղամասը։
Այսօր
բերդից պահպանվել են միայն XIX–XX դդ. զորանոցային համալիրի լքված շինությունները և
Սարդարի մզկիթի (XIX դ. սկիզբ) փոքր հատվածը։