ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ԱԲՈՒ ՀԱՅԱԹ ՋՐԱՆՑՔ-ԿՅԱՆՔԻ ԱՌՈՒ


Մ.թ.ա. VIII դ. (782) – XXI դդ.


Պետ. ցուցիչ՝ 1.5.18

Կառուցող՝ Վանի թագավոր Արգիշտի Ա (մ.թ.ա. 786-764)


Ջրանցքը սկիզբ է առնում Քանաքեռ ՀԷԿ-ի մոտակայքից՝ Հրազդան գետի ձախ ափից։ Անցնում է ամբողջ քաղաքի տարածքով՝ Քանաքեռ-Զեյթուն թաղամասով, Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի մոտով, Արաբկիրի ու «Հաղթանակ» զբոսայգու բարձունքների լանջերով, Մատենադարանին հարող տարածքներով։ Հասնելով Գետառ՝ նրա վրայի ջրանցույցով անցնում է ձախափնյա սարալանջը և ջրի հոսքի նվազագույն թեքությամբ իջնում այժմյան Լիոնի այգու (նախկինում՝ Վարդավառի, Կոմերիտմիության, Թոխմախան) արհեստական լիճ։

Ջրանցքն ու արհեստական լիճը կառուցել է Վանի տիրակալ, Էրեբունի-Երևան քաղաքի հիմնադիր Արգիշտի Ա-ն՝ Էրեբունի ամրոցը ջրով ապահովելու և շրջակա հողերը ոռոգելու նպատակով։ Ջրանցքի մասին գրավոր առաջին տեղեկությունները վերաբերում են XVI դարին։ XVII դարում, պարսկական տիրապետության շրջանում, այն երկու անգամ նորոգվել է։ Հավանաբար, այդ ժամանակ ջրանցքն արդեն հայտնի է եղել Աբու Հայաթ անունով (ավանդաբար մեկնաբանվել է որպես «կենսաջուր» կամ «կյանքի առու»)։

Ըստ ավանդության՝ գեղեցկուհի Աբու Հայաթի ինքնասպանությունից հետո նրա փեսացու Թոխմախ խանը իրեն նետել է այս լիճը։ Այդ օրվանից ջրանցքն անվանել են Աբու Հայաթ, իսկ արհեստական լիճը՝ Թոխմախան։

Ցարական տիրապետության շրջանում՝ 1877 թ. մայիսին, ջրանցքի նորոգումն ավարտվել է։ Այն լայնացվել է, երկարացվել և հասցվել մինչև լիճ։ Գետառի վրա կառուցվել է քարե կամուրջ, և ջրանցքի ջուրը հոսել է նրա վրայի քարե խողովակներով։

Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո, նոր ջրանցքների կառուցման հետ մեկտեղ, նորոգվել են նաև հները։ 1922–1923 թթ. վերանորոգման ժամանակ Աբու Հայաթը եռակի լայնացվել է, ամրացվել են հենապատերը, կառուցվել են երկաթյա 15 ջրարգելակներ։ Սարի թաղի մոտակայքում Աբու Հայաթը միացել է Մամռի ջրանցքին։ Քանաքեռ ՀԷԿ-ի կառուցմամբ (1936) ջրանցքի սկզբնամասը վերացվել է և փոխարինվել ՀԷԿ-ի ճնշող ավազանից ջուր վերցնող ջրանցքով։

1950-ական թթ. սկզբին մարշալ Բաղրամյան պողոտայով անցնող հատվածը ծածկվել է, և ջուրը, անցնելով 800 մ թունելով, թափվել է լիճ։

1960-ական թթ. շինարարության պատճառով ջրանցքը կրճատվել է, և ներկայումս լիճ չի հասնում։

Ունեցել է մոտ 15 կմ երկարություն։ Թողունակությունը՝ 0,2 մ³/վրկ։

Աբու Հայաթ ջրանցքը հին Երևանի ջրամատակարարման համակարգի հնագույն կառույցներից է և վկայում է Վանի թագավորության շրջանում ջրաշինության զարգացման բարձր մակարդակի մասին։


Սկսվում է Քանաքեռ ՀԷԿ-ի մոտակայքից