ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ԿԱՐԱՊԵՏ ԱՖՐԻԿՅԱՆԻ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ


XX դ. սկիզբ


Պետ. ցուցիչ՝ 1.6.32

Ճարտարապետ՝ Վասիլի Միրզոյան


Գտնվում է կենտրոնական ավտոկայանի դիմաց՝ Ծովակալ Իսակովի պողոտայում։

Դեռևս 1892 թ. մեծահարուստ Կարապետ Աֆրիկյանը այստեղ հիմնել է գինու և կոնյակի գործարան, որի արտադրանքը հաջողությամբ վաճառվել է Ռուսական կայսրության քաղաքներում և Եվրոպայում։ Համալիրի տարածքում եղել են արտադրական շինություններ և գործարանատիրոջ՝ XX դ. սկզբին կառուցված ամառանոցը։

1921 թ. սեպտեմբերին Աֆրիկյանների ամառանոցում հյուրընկալվել են հայ մտավորականներ՝ Հովհաննես Թումանյանը, Լեոն, Դերենիկ Դեմիրճյանը և այլք, ովքեր եկել էին Թիֆլիսից՝ Հայաստանի օգնության կոմիտեի սեպտեմբերի 13–20-ը անցկացվելիք նիստին մասնակցելու նպատակով։

Երբեմնի ընդարձակ համակառույցից պահպանվել են միայն ամառանոցը, արտադրական երկու շինություն, գինու հսկայական նկուղ-մառանները։ Վերջիններս փորված են գրունտի տուֆաշերտի մեջ: Ամառանոցի շենքում գործել է Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության գիտահետազոտական ինստիտուտը, որի կոլեկցիոն գինիների մառանում պահվում էր Սուքիասի հիշատակին 1586 թ. Հայրապետ կազմողի քանդակած խաչքարը՝ բերված հին Ջուղայից, 1970-ական թթ.։

Աֆրիկյանների ամառանոցը Երևանի տարածքում պահպանված միակ մերձքաղաքային տան օրինակն է:


Իսակովի պող. 3