ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ԴԱԼՄԱՅԻ ՋՐԱՆՑՔ


Մ.թ.ա 8-7 դդ


Պետ. ցուցիչ՝ 1.3.19

Կառուցվել է Վանի թագավորության շրջանում՝ մ.թ.ա. VIII դարում՝ Թեյշեբաինի (Կարմիր բլուր) քաղաքի մերձակա այգիները ոռոգելու նպատակով։ Միջնադարում խափանումների հետևանքով դադարել է գործել։ 1815 թ. Երևանի վերջին պարսից սարդար Հուսեյն Ղուլի խանը վերանորոգել է ջրանցքը և այն մտցրել ընդհանուր ոռոգման համակարգի մեջ։

Դալմայի մասին պահպանվել է մի պատմություն, որը բացատրում է նաև անվան ծագումը։ Հուսեյն Ղուլի խանը կանչում է խանության բոլոր հմուտ վարպետներին և հրամայում գտնել հին ջրանցքի ակունքը։ Փորձերը ապարդյուն են անցնում։ Զայրացած խանը կարգադրում է գլխատել բոլորին, ապա վարպետներ է կանչում Մակուից, Թավրիզից և Սպահանից։ Նրանք գտնում են վաղեմի ջրանցքի հետքերը և օր ու գիշեր աշխատելով բացում ու մաքրում են փակված ակունքը, վերականգնում քանդված հատվածները։ Ջրանցքը կոչում են Դալմա (Դեոլմե), որը նշանակում է պեղված, բացված։

Ջրանցքն սկիզբ է առնում Հրազդան գետի աջ ափից՝ Քանաքեռ ՀԷԿ-ից 1 կմ գետի հոսանքով ներքև գտնվող նույն ջրահավաքից, որտեղից սկիզբ է առնում նաև Մամռի ջրանցքը։ Անցնում է նաև Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններով՝ ոռոգելով Դալմայի, Սեբաստիայի, Մալաթիայի և Էջմիածնի խճուղու սկզբնամասի, հատկապես խաղողի այգիները։

Ճանապարհի մի մասը անցնում է ժայռափոր թունելներով, որոնցից փոքրն ունի 27 մ, իսկ մեծը (Հրազդանի մեծ կամրջի մոտ)՝ 440 մ երկարություն։ Հնում ժայռափոր հատվածում վերևից յուրաքանչյուր 20 մ-ի վրա եղել են հորեր՝ խցանումները վերացնելու և ջրանցքը մաքրելու համար։ Ներկայում այդ հորերը փակված են, իսկ դրանց վրայով անցնում է ավտոճանապարհ։ Թունելների լայնությունն ու բարձրությունը տարբեր հատվածներում տատանվում են՝ 1–4,5 մ։ 1923 թ. և 1930–1938 թթ. ջրանցքը վերանորոգվել է։ Հնարավոր փլուզումները կանխելու նպատակով 1960-ականների սկզբին որոշ հատվածներ ամրացվել են բետոնապատմամբ։

Դալմայի ջրանցքը Արարատյան դաշտի ոռոգման ցանցի հնագույն կառույցներից է և վկայում է Վանի թագավորության շրջանում ջրային ենթակառուցվածքների զարգացման բարձր մակարդակի մասին։


Հրազդան գետի աջ ափին