ՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ
ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻ
Սուրբ Սարգիս եկեղեցին Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Արարատյան հոգևոր թեմի առաջնորդանիստ եկեղեցին է:
1835-1842, վերակառուցված՝ 1971-1976
Սուրբ Սարգիս եկեղեցին գտնվում է Երևանի Ձորագյուղ
թաղամասում՝ Իսրայելյան 19 հասցեում՝ Հրազդան գետի ձախափնյա ձորեզրին:
Հիմնադրման տարեթիվը հայտնի չէ։ Եղել է Ձորագյուղի
անապատի, ապա՝ Երևանի թեմական առաջնորդարանի եկեղեցի։ Ավերվել է Արարատյան դաշտավայրի
1679 թ. ավերիչ երկրաշարժից և
վերակառուցվել է Ամենայն Հայոց կաթողիկոս Նահապետ Ա Եդեսացու գահակալության տարիներին
(1691-1705): 19-րդ դարում Արարատյան թեմի առաջնորդ Հովհաննես եպիսկոպոս Շահխաթունյանցը Հովհաննես Ը Կարբեցի Ամենայն
Հայոց կաթողիկոսի (1831-1842) հրամանով քանդել է խարխուլ վիճակում հայտնված եկեղեցին
և 1835-1842 թթ․ նույն տեղում կառուցել քառամույթ
գմբեթավոր բազիլիկ հորինվածքով եկեղեցի։ Խորհրդային տարիներին՝ 1971-1976 թթ., Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի նախաձեռնությամբ Սուրբ Սարգիս եկեղեցին վերակառուցվել է` պահպանելով
հատակագծային նախկին հորինվածքը (նախագծի հեղինակ՝ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, վաստակավոր ճարտարապետ, ԽՍՀՄ
ժողովրդական ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան): Արտաքին ճակատները երեսպատվել են նարնջագույն, սրբատաշ տուֆով: Ներսում` արևմտյան կողմում, երգչախմբի համար հավելվել
է վերնասրահ, գմբեթը փոխարինվել է նոր, առավել բարձր ու վեհաշուք գմբեթով: Շքեղորեն հարդարվել է գլխավոր` արևմտյան ճակատը, որի շքամուտքի ճակատակալ
քարին` Սուրբ Աստվածածնի, պատին` Գաբրիել և Միքայել
հրեշտակապետերի հարթաքանդակներն են (քանդակագործ` ՀՀ ժողովրդական նկարիչ Արտաշես Հովսեփյան): Գմբեթատակ առագաստներին քանդակվել են չորս ավետարանիչների խորհրդանշանները։
Սբ Սարգիս եկեղեցու տարածքում են գտնվում Արարատյան
թեմի առաջնորդարանի շենքը (1980-1981, վերակառուցման նախագծի հեղինակ՝ ճարտարապետ Համլետ Խաչատրյան), ազգային ավանդույթներով
կառուցված աղբյուրը (1996, ճարտարապետ՝ Բաղդասար Արզումանյան), 16-17-րդ դարերի խաչքարեր և քանդակազարդ
տապանաքարեր (մի մասն՝ արձանագիր): 2000 թ. ավարտվել է եկեղեցուն կից քառասյուն ռոտոնդայով պսակված վերսլաց զանգակատան կառուցումը (ճարտարապետ՝ Ռոմեո Ջուլհակյան)։