ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՎԻՇԱՊԱՔԱՐ


մ.թ.ա. III-II հազարամյակներ


Պետ. ցուցիչ՝ 1.1.9

Վիշապաքարը 1936 թ. հայտնաբերել է Ամբերդի հնագիտական արշավախումբը՝ Արագածում՝ Արխաշան գետի ձախ ափին՝ Բյուրականից օդերևութաբանական կայան տանող ճանապարհի մոտ: 1967 թ. տեղափոխվել է Երևան և ուղղահայաց դիրքով տեղադրվել ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի ինստիտուտի Գիտնականների տան մերձակա պուրակում:

Մոխրագույն բազալտից ուղղանկյուն կոթող է (երկարություն՝ 5,06 մ, լայնություն վերին մասում՝ 1,25 մ, ստորինում՝ 0,52 մ): Լայնական երկու ճակատին պատկերված է զոհաբերված ցլի կաշին (գլխով և առջևի ոտքերով), որից իջնում են ջրի շիթեր:

Ինքնատիպ, միայն Հայկական լեռնաշխարհին բնորոշ և միակտոր բազալտից կերտված վիշապ կոչվող քարարձանները տեղադրվել են բնական և արհեստական ջրավազանների ու աղբյուրների ակունքների մոտ՝ խորհրդանշելով տարերքի անսանձ ուժերը, բնության զարթոնքը, պտղաբերությունն ու առատությունը: Վիշապակոթողներ դրվել են նաև դամբարաններում։

Վիշապակոթողների վաղագույն օրինակներն ունեն ձկան իրան, մեծ գլուխ, ռելիեֆ աչքեր, խռիկներ և լողակներ: Քարի վրա հաճախ պատկերված են նաև զոհաբերված ցլի՝ ոճավորված եղջյուրներով գլուխը, մորթին: Ցլերի բերանից ջրի շիթեր են հոսում, ինչը շեշտում է վիշապների առնչությունը ջրի պտղաբեր ուժի հետ: Մինչ օրս հայտնաբերվել է մի քանի տասնյակ վիշապակոթող՝ Գեղամա լեռներում, Սևանա լճի հյուսիսարևելյան ափին, Արագածի հարավային լանջին, Ջավախքում՝ Փարվանա լճի ափին ու Խրամ գետի ավազանում, Սյունիքում և Հայկական լեռնաշխարհի այլ հատվածներում:

 «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Մարգարյան փող. 2