ԵԶԱԿԻ ՎԱՅՐԵՐ

Card image cap

Աղի լիճ


Լիճը գոյացել է 1970–ականների վերջին՝ մոտակայքում գտնվող գիպսի կոմբինատի աշխատանքների արդյունքում։ Այստեղ և՛ լողում են, և՛ աղի ջրի շնորհիվ որոշ հիվանդություններ բուժում։


Աղի լիճը գտնվում է «Գաջի գործարան»-ի հետնամասում: Անվանումից կարելի է գուշակել, որ ջրամբարում ահռելի քանակությամբ աղ կա։ Այն ունի երկու ավազան, որից փոքրն ավելի աղի է: 


Աղի լիճը հայտնի է իր բուժիչ հատկությամբ: Լճի ջրի աղայնությունը մոտ 13% է, ինչի շնորհիվ այստեղ լողալը շատ հեշտ է: Շատերը այս լիճը համեմատում են Մեռյալ ծովի հետ, որի աղայնությունը 34% է։ Առանց ջանք գործադրելու ջրի վրա կարելի է պառկել, կամ ջրի միջով ուղղակի քայլել:

Մեծ Աղի լճի միակ ելքը հարավ-արևմտյան անկյունից է, որտեղից ջուրն անընդհատ դուրս է հոսում` ապահովելով ջրի մաքրությունը: 


Փոքր Աղի լիճը կամ նախկին  «Պառավների գյոլը» մեծ Աղի լճից մի քանի քայլ հյուսիս-արևմուտք է: Նրա առանձնահատկությունն աղայնության բարձր աստիճանն է` ավելի քան 25%:

«Պառվների գյոլը» հնում մի մեծ պղտոր ջրափոս էր, որտեղ լողալ չիմացող մեծահասակ կանայք հոդացավերը մեղմելու նպատակով նստում էին ափի քարերին և ոտքերն իջեցնում ջրի մեջ: Այդ պատճառով էլ այն կոչվում էր  «Պառվների գյոլ»: Վերջին տարիներին այն դարձել է խիստ բազմամարդ: Այստեղ լողում, նստում ու ջրի մեջ ճոճվում են տարբեր տարիքի ու սեռի այցելուներ:


Աղի լճի բուժիչ հատկություններից առաջնայինը հոդացավերի բուժումն է, նյարդային համակարգի հանգստացումն ու ամրապնդումը, մաշկային հիվանդությունների` էկզեմայի բուժումը, փսորիազի վիճակի զգալի բարելավումը: Լիճ այցելողներն արդյունավետ բուժման համար կիրառում են տարբեր միջոցներ` ջրային վաննաներ, արևային լոգանք և ցեխաբուժություն՝ լճի հատակից հանված սև տիղմով կամ գաջի հումքով: Առանց ջանք գործադրելու ջրի վրա կարելի է պառկել, կամ ջրի միջով ուղղակի քայլել: Ջրում կան սուլֆիդային և կալցիումային աղեր, փոքր քանակության ծծմբաջրածին, որը մասնագետների վկայությամբ հակաբորբոքային ազդեցություն ունի և կերակրի աղի հետ ջրին օժտում է կրկնակի բուժիչ հատկությամբ: 


Մեծ լճի արևելյան և հյուսիսային ափերը շրջափակող փարթամ եղեգները լճին տալիս են գեղատեսիլ տեսք, իսկ ջրի մեջ թափված նրանց տերևներն իջնելով լճի հատակը, քայքայվելով խառնվում են բուժիչ բաղադրիչներով հագեցած ջրին, վերածվում՝ սև, թանձր տիղմի ու նստում լճի հատակին, որը ցեխաբուժությամբ հետաքրքրվողներն օգտագործում են բուժման նպատակով:


Ավազանի մոտ է գտնվում «աղի ջրվեժը», որը խողովակից ցայտող ջրի շիթ է։ 3 մետր բարձրությունից ջրվեժի պես ներքև գահավիժող այս մաքուր ու սառը ջրով այցելուները մաքրաջրվում կամ ամառային շոգից հովանում են՝ ստանալով կոնտրաստային ջրային կոփում:






Էրեբունի վարչ. շրջան