ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՀՐԱՊԱՐԱԿ
1950
Գարեգին
Նժդեհի հրապարակը գտնվում է Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։
Սկզբնապես
հրապարակը կրել է հայ հասարակական-քաղաքական գործիչ, լրագրող և գրաքննադատ Սուրեն Սպանդարյանի
անունը։ 1991 թ. այն վերանվանվել է հայ նշանավոր ռազմական, քաղաքական և պետական գործիչ,
«Ցեղակրոն» ազգային գաղափարախոսության հիմնադիր Գարեգին Նժդեհի (Գարեգին Տեր-Հարությունյան)
պատվին։
Հրապարակը
մեծությամբ Երևանի երկրորդ հրապարակն է և քաղաքի կարևոր տրանսպորտային հանգույցներից
մեկը։ Այն զբաղեցնում է շուրջ 200 × 130 մ տարածք։ Ունի ուղղանկյուն հատակագիծ, իսկ
հարավարևմտյան հատվածում՝ կիսաշրջանաձև ավարտ։
Հրապարակի
կառուցապատումը սկսվել է 1950 թ.։ Աշխատանքներին մասնակցել են ճարտարապետներ Արշավիր
Մինասյանը, Տիրան Մարությանը, Վաղարշակ Բելուբեկյանը, Էդուարդ Սարապյանը, Հրանտ Կարապետյանը,
Լևոն Մելքոնյանը և ուրիշներ։ Բնակելի համալիրների շինարարությունն իրականացվել է մի
քանի փուլով։ Կառուցվել են բնակելի շենքեր, որոնց առաջին հարկերում տեղակայվել են խանութներ
և հասարակական նշանակության այլ օբյեկտներ։ Հրապարակի մուտքը Երևանյան լճի կողմից ընդգծվում
է երկու բարձրահարկ շենքերով։
Սկզբնապես
հրապարակի կենտրոնում գտնվում էր ջրավազանով և զույգ շատրվաններով, ձվաձև ու ծառաշատ
պուրակ։ Հրապարակով անցնում էր տրամվայի գիծ։ Պուրակի գեղարվեստական ձևավորմանը յուրահատուկ
տեսք էին հաղորդում թռչնաքանդակներով դեկորատիվ սափորները, ձկնաքանդակները, կարմիր
ավազով ծածկված մակերեսները և այլ տարրեր։
1970-ական
թվականների կեսերին (մինչև 1975 թ.) շատրվանները վերափոխվել են գունաձայնային «երգող»
շատրվանների։ Դրանք, Երևանի քաղաքային խորհրդի որոշմամբ, նախագծել և կառուցել է Հանրապետության
հրապարակի համանման շատրվանների հեղինակ, ռադիոտեխնիկ Աբրահամ Աբրահամյանը՝ իր ստեղծագործական
խմբի հետ։
1980-ական
թվականների երկրորդ կեսին շատրվաններն ու ջրավազանը տեղափոխվել են հրապարակի արևմուտքում
գտնվող պուրակ, որտեղ հետագայում ձևավորվել է Շողակաթ զբոսայգին։ Նրանց նախկին տեղում
կառուցվել են հրապարակի ստորգետնյա հասարակական կենտրոնը (1986–1992) և Երևանի մետրոպոլիտենի
Սպանդարյան (1992 թվականից՝ Գարեգին Նժդեհ) կայարանը (վերակառուցման ճարտարապետներ՝
Լևոն Գևորգյան, Վիտալի Գևորգյան, Գագիկ Հովհաննիսյան)։
Հրապարակում
1990 թ. տեղադրվել է Սուրեն Սպանդարյանի բրոնզաձույլ արձանը (քանդակագործ՝ Թոմ Գևորգյան)։
Գարեգին
Նժդեհի հրապարակը Երևանի կարևոր հասարակական և տրանսպորտային կենտրոններից է։