ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ

Card image cap

ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ


1937


Ճարտարապետներ՝ Միքայել Մազմանյան,

Բաբկեն Հակոբյան, Գոհար Գրիգորյան

Մանկական երկաթուղին գտնվում է Հրազդանի կիրճում։ Երկարությունը 2,1 կմ է։ Կայարաններն են՝ «Հայրենիք» (նախկին «Փարոս»՝ ջրանցքի վերևում), «Պիոներական» (թունելների ելքի մոտ) և «Ուրախություն»։

Մանկական երկաթուղի ստեղծելու գաղափարը 1935 թ. առաջ է քաշել Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Աղասի Խանջյանը։ Երկաթուղին պաշտոնապես բացվել է 1937 թ. հուլիսի 6-ին։

Երկաթուղային կայարանի նախկին շենքը կառուցվել է փայտից՝ Միքայել Մազմանյանի նախագծով։ 1940-ական թվականների վերջին այն փոխարինվել է տուֆե շենքով, որի հեղինակն է ճարտարապետ Բաբկեն Հակոբյանը, իսկ վերջին կայարանը 1954 թ. նախագծել է ճարտարապետ Գոհար Գրիգորյանը։

1949 թ. այգու մուտքի մոտ տեղադրվել են ԽՍՀՄ երիտասարդ հերոսներին (Հունան Ավետիսյան, Օլեգ Կոշևոյ, Լիզա Չայկինա և ուրիշներ) նվիրված հուշաղբյուրներ։ Դրանցից ոչ հեռու 1950-ական թվականներին մինչև 1964 թ. կանգնած է եղել նշանավոր գրող Խաչատուր Աբովյանի հուշարձանը։

1956 թ. «Ուրախություն» կայարանից «Պիոներական» կայարան տանող հատվածում կառուցվել է 45 մ երկարությամբ թունել։ Երկաթուղու տարածքում եղել են խաղահրապարակ, ջրավազաններ, շատրվաններ, ընթերցարան, պարահրապարակ, մարզահրապարակ, ծիծաղի սենյակ, կրպակներ և այլն։

Մանկական երկաթուղային այգին Հրազդանի կիրճի ամենագեղեցիկ հատվածներից մեկն է։ Այգու այցելուները տարվա տաք եղանակին կարող են նստել գնացք և կարճ զբոսանք կատարել Հրազդանի կիրճում՝ անցնելով մոտ 600 մ, ապա վերադառնալ սկզբնակետ։


Ձորափի փող. 130
+37477 423 618