ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ

Card image cap

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ԱՆՎԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ («ՄՈՍԿՎԱ» ԿԻՆՈԹԱՏՐՈՆԻ ՄԵՐՁԱԿԱ ՀՐԱՊԱՐԱԿ)


1924-1926 թթ., 1933 թ.


Պետ. ցուցիչ՝ 1.6.178.3

«Մոսկվա» կինոթատրոնի մերձակա հրապարակը պատմականորեն ձևավորվել է Աբովյան (նախկին Աստաֆյան) փողոցի կառուցապատման արդյունքում: Այստեղ են եղել Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին և Զալխանի պարսկական մզկիթը (1649 թ., վերակառուցված՝ 1687 թ.): Եկեղեցին կառուցվել էր 1679 թ. Արարատյան դաշտավայրի մեծ երկրաշարժի ժամանակ կործանված նույնանուն տաճարի փոխարեն և քանդվել 1930-ականներին:

Երևանի առաջին հրապարակներից է և նշված է եղել Երևանի 1924 թ. գլխավոր հատակագծում (ճարտարապետ՝ Ալեքսանդր Թամանյան):

Հրապարակն ունի կիսաօղակաձև տեսք, ամբողջությամբ տեղադրված է Աբովյան փողոցի ձախ կողմում: Ձևավորել է կիսակլոր երկու շենքերով՝ «Մոսկվա» կինոթատրոն (հայկական ֆունկցիոնալիզմի և կլասիցիզմի ճարտարապետական տարրերի խառը ոճով) և «Ինտուրիստ» հյուրանոց (նեոկլասիցիզմի ոճով):

1926-1928 թթ. հրապարակում ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի նախագծով կառուցվել է «Ինտուրիստ» (հետո՝ «Երևան», այժմ՝ «Գոլդեն Թուլիփ Գրանդ Հոթել») հյուրանոցը, 1933-1936 թթ.՝ երկդահլիճ «Մոսկվա» կինոթատրոնը (ձմեռային դահլիճ, ճարտարապետներ՝ Տիրան Երկան­յան, Գևորգ Քոչար): 1933-1950 թթ. այստեղ էր տեղադրված Փարիզից բերված Խաչատուր Աբովյանի արձանը (քանդակագործ՝ Անդրեաս Տեր-Մարուքյան, 1913 թ.), որը հետագայում այլ վայրեր տեղափոխվելուց հետո 1964-ին կանգնեցվել է գրողի տուն-թանգարանի բակում՝ Քանաքեռում: 1959 թ. «Երևան» հյուրանոցին կցակառուցվել է Նկարիչների տունը՝ ցուցասրահով (ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան): 1966 թ. ձմեռային դահլիճի ետնամասում կառուցվել է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը (ճարտարապետներ՝ Սպարտակ Կնտեխցյան, Թելման Գևորգյան), որի համար հեղինակներն արժանացել են Ալեքսանդր Թամանյանի անվան մրցանակի (1967 թ.):

1966 թ. հրապարակի կենտրոնում կառուցվել է դեկորատիվ ջրավազան՝ խճանկարով (ճարտարապետ՝ Արսեն Մելիքյան, նկարիչ՝ Օ. Խաչատրյան): 1984 թ. նոյեմբերի 20-ին շահագործման է հանձնվել ջրավազանի շատրվանը՝ 12 համաստեղությունները խորհրդանշող կենդանակերպերով (ճարտարապետ՝ Արսեն Մելիքյան, նկարիչ՝ Վլադիմիր Աթանյան):

Հրապարակի ճարտարապետության մեջ օգտագործված են տուֆը, բազալտը, ապակին, սվաղը, երկաթբետոնը: 1970 թ. երեսպատվել է դեղին ֆելզիտով:

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Աբովյան փող․