ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ

Card image cap

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ


1924–1939


Պետ. ցուցիչ՝ 1.6.95
Ճարտարապետ՝ Ալեքսանդր Թամանյան

 

Գտնվում է Թումանյան և Տերյան փողոցներով, ինչպես նաև Մեսրոպ Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաներով սահմանափակված տարածքում՝ Հյուսիսային պողոտայի և դրա շարունակությունը կազմող առանցքի վրա՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարևանությամբ։

1924–1936 թվականներին հրապարակի համալիրը նախագծել է հայ նոր ճարտարապետության հիմնադիր Ալեքսանդր Թամանյանը։ Այն ստեղծվել է թատրոնի շենքի հետ միաժամանակ և խորհրդային տարիներին հայտնի էր Թատերական հրապարակ անվամբ։ 1991 թվականին վերանվանվել է Ազատության հրապարակ՝ կապված հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի վերելքի և Արցախյան շարժման հետ։

Հրապարակում՝ թատրոնի կողմից, 1957 թվականին տեղադրվել են հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի (ճարտարապետ՝ Գրիգոր Աղաբաբյան, քանդակագործ՝ Արա Սարգսյան) և երգահան Ալեքսանդր Սպենդիարյանի (ճարտարապետներ՝ Գրիգոր Աղաբաբյան, Ֆենիքս Դարբինյան, քանդակագործներ՝ Արա Սարգսյան, Ղուկաս Չուբարյան) հուշարձանները։

Հրապարակը շրջապատող այգում է գտնվում Ալեքսանդր Սպենդիարյանի գերեզմանը։

1988 թվականից այստեղ անցկացվում են համաժողովրդական հավաքներ և ցույցեր, ինչպես նաև մշակութային տարբեր միջոցառումներ, համերգներ և այլ միջոցառումներ։

Ազատության հրապարակը երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի ամենասիրելի վայրերից մեկն է՝ շրջապատված կանաչ գոտիներով և սրճարաններով։


Երևան, Կենտրոն վարչական շրջան