ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ
Ճարտարապետներ՝ Ռաֆայել Իսրայելյան, Լևոն Բաբայան
Լիոնի այգին գտնվում է Սասունցի Դավիթ
փողոցի վերջնամասում։ Այստեղ է գտնվում արհեստական այն ջրամբարը (լիճը), որը դեռևս
մ.թ.ա. VIII դարում կառուցել է Վանի (Ուրարտուի) թագավորության տիրակալ, Էրեբունի-Երևանի
հիմնադիր Արգիշտի Ա-ն (մ.թ.ա. 786–764 թթ.)՝ քաղաքը ջրով ապահովելու և շրջակա հողերը
ոռոգելու նպատակով։
Լիճը վերակառուցվել է XVI դարում՝
Երևանի կառավարիչ Թոխմախ խանի օրոք, և անվանվել նրա անունով։ Լճափին պահպանվել էին
Թոխմախ խանի աշտարակի ավերակները։
Խորհրդային
տարիներին ճարտարապետներ Ռաֆայել Իսրայելյանի և Լևոն Բաբայանի նախագծով լճի շուրջ ստեղծվել
է գեղեցիկ զբոսայգի, որի բացումը տեղի է ունեցել 1941 թ.: 1950-ական թթ. ճարտարապետ
Գևորգ Թամանյանի նախագծով զբոսայգին պարսպապատվել է, իսկ 1976-1977 թթ. կառուցվել է
էստրադա (ճարտարապետ՝ Գևորգ Մուշեղյան):
Խորհրդային
հատակագծմամբ՝ զբոսայգին հիմնվել է փողոցի առանցքի վրա, որին միանում է գլխավոր ծառուղին:
Վերջինից աջ և ձախ կողմեր գնացող համաչափ ծառուղիները, որոնք միանում են շրջանցիկ ուրվագծով,
տալիս են զբոսայգու հորինվածքային լուծումը: Տեղադրվել են տարբեր տաղավարներ, ստեղծվել
են հանգստի անկյուններ:
2010-2011
թթ. Երևանի և Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետարանների միջև կնքված բարեկամության և
համագործակցության ծրագրի շրջանակներում, այգին հիմնովին վերանորոգվել է ու արդիականացվել:
Այգին կոչվել է Լիոնի անվամբ և դարձել է երկու քույր-քաղաքների բարեկամության խորհրդանիշ: