ԵԶԱԿԻ ՎԱՅՐԵՐ

Card image cap

Հրազդանի կիրճ


Հրազդանի կիրճը Երևան քաղաքի յուրօրինակ այցեքարտերից է։ Այս հրաշալի բնական ռեսուրսը քաղաքի մշակութային, զբոսաշրջային, սպորտային և ժամանցային կարևորագույն վայրերից է:


Երևանը Հրազդան գետի ափամերձ քաղաքներից մեկն է, որը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից, ինչի մասին վկայություն են գետի կիրճում հայտնաբերված քարայրները՝ հնագույն մարդկանց պատկանող աշխատանքային գործիքներով և այլ գտածոներով: Հրազդան կամ Զանգու (ուրարտերեն՝ Իլդարունի) գետը Արաքսի ձախ վտակն է, որը սկիզբ է առնում Սևանա լճից:

Գետի մի մեծ հատված՝ մոտ 15 կմ, հոսում է մայրաքաղաք Երևանի տարածքով: Քաղաքի տարբեր կետերից տեսանելի են կիրճի գեղեցիկ տեսարանները: Հրազդանի կիրճի երկայնքի  միջին հատվածում Նոր Արաբկիր զբոսայգին է, որտեղ հանգստյան գոտուն կից գործում է «Երևան զիփլայն» ճախրուղին: Ճախրուղով թռիչքն անցնում է Հրազդանի կիրճի վրայով, Դավիթաշենի կամրջի տակով, որի ժամանակ բացվում են քաղաքի՝ անմոռանալի տեսարանները: Կիևյան կամրջի հարակից տարածքում է գնտնվում Թումանյանի անվան այգին, ինչպես արդեն ամրապնդվել է ժողովրդական խոսքում՝ Թումո այգին, որն ընտանեկան հանգստի հրաշալի վայր է՝ ժամանցային և սպորտային տարաբնույթ գոտիավորմամբ։ Առկա է նաև շների համար նախատեսված տարածք։ Այգուց բացվում է հիասքանչ տեսարան՝ դեպի Հրազդանի կիրճը։ 

Ձորում գտնվող գետի մոտ կարելի է հասնել ինչպես Թումոյի այգով, այնպես էլ Երևանի փոքր կենտրոնից` Դիանա Աբգարի այգու վերջնամասից (Սարյան փողոցի կողմից): Այստեղ գտնվող թունելի միջով 10 րոպեում կարելի է հայտնվել Հրազդանի կիրճի գեղատեսիլ վայրերից մեկում՝ Երևանի մանկական երկաթուղու տարածքում: Ինչպես Խորհրդային Միության բոլոր պիոներական երկաթուղիները, այնպես էլ երևանյանն աշխատում էր երեխաների մասնակցությամբ և մեծահասակների հսկողության ներքո։ Նպատակը երեխաների մոտ հետաքրքրություն առաջացնելն էր երկաթուղային աշխատողի մասնագիտության նկատմամբ: Այժմ տարածքը գործում է որպես հանգստի գոտի, իսկ լավ պահպանված կայարանի շենքը և մի քանի հին շարժակազմերը, որոնք ներկված են վառ գույներով, հիանալի վայր են լուսանկարվելու համար։ Գնացքներից մեկն այսօր էլ աշխատում է, տաք եղանակին կարելի է երթևեկել Հրազդանի կիրճի երկայնքով։ Այգին ունի նաև բազմաթիվ այլ տեսարժան և ժամանցի վայրեր:

Հրազդանի կիրճում է գտնվում նաև Հրազդանի ձորի հանրային բացօթյա մարզահրապարակը, ինչպես տեղացիներն են այն անվանում՝ «Չռիկը»՝ իբրև հոսող ջրի վայր, կամ «Բիձու գյոլը», քանի որ այստեղ սիրում են հավաքվել, մարզվել և ուղղակի լավ ժամանակ անցկացնել մայրաքաղաքի տարեցները՝ առողջ ապրելակերպի ջատագովները:

Կիրճի՝ Ծովակալ Իսակով պողոտայի հարակից հատվածում գտնվում է Երևանյան լիճը, որն արհեստական ջրամբար է՝ Երևանի հարավ-արևմուտքում: Լճի հարակից տարածքում գտնվում է «Երևան 1» քարայրը, Շենգավիթ բնակատեղին,  որը վաղ բրոնզեդարյան հուշարձան է Երևանի հարավ-արևմտյան հատվածում, Թեյշեբաինի կամ Կարմիր բլուր ուրարտական քաղաքի հնավայրը՝ Հրազդան գետի ձախ ափին: Իսկ 1986 թ.-ին քաղաքով հոսող Հրազդան գետի աջ ափին հնագետները հայտնաբերել են Կարմիր բերդը (Կարմիր ամրոց), որը թվագրվում է մ.թ.ա. 2 -րդ հազարամյակով:

Այսպիսով, տասնյակ դարեր առաջ, դուրս գալով քարայրներից, մարդիկ բերդեր և բնակատեղիներ են կառուցել Հրազդանի կիրճի բարձրադիր տեղանքում, որոնց հետքերը պահպանվել և հասել են մեր օրեր: Ավելի ուշ բնակավայրը տարածվել է Հրազդանի բարձրադիր հարթավայրում: Այսպես է առաջացել և հետզհետե ընդարձակվել քաղաքը:

Ժամանակին Երևանի տարածքում գետի 2 ափերն իրար էին կապվում Հրազդանի կիրճում գտնվող Կարմիր կամրջով, որը, ցավոք, մինչև մեր օրեր հասել է կիսաքանդ: Կամուրջը կոչվել էր «կարմիր», քանի որ կառուցված էր կարմիր տուֆից: Կամրջի ընդհանուր երկարությունը 80 մետր էր, իսկ բարձրությունը՝ 11մ: Այն ուներ 4 կամար՝ երկուսը մեջտեղում էին և թեքված, մյուս երկուսը՝ Հրազդան գետի ափին: Դարեր շարունակ Կարմիր կամուրջը տնտեսական կապեր էր ապահովում Երևանի բերդի (Երևանի Արարատի կոնյակի-գինու-օղու գործարանի տեղում) Էջմիածնի և Արարատյան դաշտի միջև: Հարավից քաղաք մտնող ճանապարհը, որն անցնում էր այս կամրջի վրայով, շատ լայն չէր․ ընդամենը երկու սայլ կարող էր կողք-կողքի անցնել: Կամուրջն ընդգրկված է հուշարձանների պետական ցուցակում, և նախատեսվում է այն վերանորոգել և պահպանել՝ որպես միջնադարյան Երևանի պատմության արժանի վկայություն: Այսօր Հրազդան գետի վրա շահագործվում է թվով երեք կամուրջ՝ Դավթաշենի, Կիևյան և Հաղթանակի:

Միջնադարում՝ քաղաքի պատմության նոր ժամանակներում, Հրազդանի կիրճում գործել են տնտեսական փոքր ձեռնարկություններ՝ դինգերի ձևով: Դրանք բրնձի և բամբակի մշակման փոքր ձեռնարկություններ էին, որոնց աշխատանքի համար օգտագործվում էր Հրազդան գետի ջուրը:

19-րդ դարում՝ քաղաքի վերափոխման գործընթացի ժամանակ, գլխավոր հատակագծերը կազմելիս Հրազդանի կիրճը պահպանվեց որպես բնական կանաչ տարածք՝ հանգստի ու ժամանցի համար: Այս մոտեցումը շարունակվեց նաև խորհրդային կարգերի հաստատումից հետո: Պետական տոների օրերին Երևանի բնակիչներն ընտանիքներով գալիս էին այստեղ և անց էին կացնում իրենց հանգիստը: Փախչելով Երևանի տապից՝ նրանք կիրճի ափերի կանաչ հատվածներում փռում էին ծածկոցներ, սնվում, խաղում, զրուցում, հանգստանում, վայելում բնությունն ու Հրազդանի կարկաչը: Այսօր կիրճի տարբեր հատվածներ, ցավոք, սեփականաշնորհված են:


Հրազդանի կիրճ