ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ

Card image cap

ՖՐԻՏՅՈՖ ՆԱՆՍԵՆԻ ԱՆՎԱՆ ԱՅԳԻ


2012 թ.


Գտնվում է Նոր Նորք վարչական շրջանի առաջին զանգվածում՝ Ֆրիտյոֆ Նանսենի անվան փողոցում։

Այգու բուն տարածքը Գայի պողոտայից բաժանվում է Սուրեն Նազարյանի անվան պուրակով, որտեղ բարձր պատվանդանին տեղադրված է Գայի (Հայկ Բժշկյանց) հուշարձանը (ձիարձան, 1977 թ., քանդակագործ՝ Սուրեն Նազարյան, ճարտարապետ՝ Սարգիս Գուրզադյան):

Նորվեգացի բևեռախույզ, գիտնական, դիվանագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր, Ազգերի լիգայում փախստականների հարցով գլխավոր լիազոր, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Նանսենի հիմնադրամի նախագահ, գրող, գրականագետ Ֆելիքս Բախչինյանի 23.11.2011 թ. հայտի հիման վրա 2011 թ. Երևանի քաղաքապետարանում քննարկվել է Նոր Նորքի 1-ին զանգվածի զբոսայգում Նանսենի անվան թանգարան հիմնելու հարցը: Առաջարկն արժանացել է հավանության:

2012-ից այգու միջնամասում Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի հիմնարկեքով (ճարտարապետ՝ Ալբերտ Սոխիկյան) սկսվել են հուշահամալիրի շինարարական աշխատանքները: Այնուհետև հարևանությամբ կառուցվել են Սբ Աստվածածին փոքր եկեղեցին, երիցատունը (ճարտարապետներ՝ Ալբերտ և Արտաշես Սոխիկյաններ, շինարար՝ Յուրի Ավագյան): Շինարարությունը ֆինանսավորել են ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայանները: Թանգարանի բացումը և եկեղեցու օծումը տեղի է ունեցել 2014 թ. հոկտեմբերի 12-ին:

Թանգարանում ցուցադրվում են Ֆրիտյոֆ Նանսենի կյանքին, գիտական ու մարդասիրական գործունեությանն առնչվող գրքեր, ֆիլմեր, լուսանկարներ, քանդակներ (հեղինակ՝ Լևոն Թոքմաջյան) և այլ նյութեր: Առանձին բաժին է հատկացված Կառլեն և Սառա Եսայանների կյանքին ու գործունեությանը:

Հուշահամալիրի տարածքում տեղադրված են շուրջ երեսուն քանդակագործական նմուշներ (խաչքար, քանդակ և այլն)՝ նվիրված հայ ժողովրդի պատմությանը, անվանի հայորդիներին և հայ ժողովրդի բարեկամներին։ Այստեղ են Ջորջ Բայրոնի (2004 թ., քանդակագործ՝ Հայկ Թոքմաջյան), Ֆրիտյոֆ Նանսենի (2011 թ.), «Նանսենյան անձնագիր», Լրագրողի քանդակները և այլն:

Այգու տարածքում տեղադրված քանդակներից են`

«Ֆրանց Վերֆել» - 2004 թ., տուֆ, քանդակագործ՝ Արսեն Ավետիսյան

«Ջհանգիր աղա» - 2004 թ., տուֆ, քանդակագործներ՝ Արտիկ և Անդրանիկ Քոչարյաններ

 «Իմ սիրտը լեռներում է» - 2004 թ.,  տուֆ, քանդակագործ՝ Բարսեղ Հարությունյան

«Հրեշտակներ» - 2022 թ., տուֆ, քանդակագործ՝ Ալեքսան Բաբայան

«Արարատ» - 2022 թ., քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան

«Նիկոլայ Ռիժկով» - 2004 թ., քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան

 «Սատարում» - 2022 թ., քանդակագործ՝ Ալեքսան Բաբայան և այլն։

 Զբոսայգու զբաղեցրած տարածքը՝ 56644,31 քառ. մ է, բարեկարգված է ու խնամված:

 «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Ֆրիտյոֆ Նանսենի փող.