ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ

Card image cap

ՄԱՆԿԱԿԱՆ ԱՅԳԻ


1933


Ճարտարապետ՝ Արշավիր Մինասյան

Գտնվում է Մովսես Խորենացու, Գրիգոր Լուսավորչի, Բեյրութի և Զաքյան փողոցների միջև ընկած հատվածում։

Հիմնադրվել է 1933 թվականին։

Նախկինում այս տարածքում գտնվել են հին Երևանի մեծ շուկան՝ Ղանթարը, և Գյուրջի քարավանատունը՝ հարակից խանութներով, կրպակներով և այլ շինություններով։

1934 թվականին խորհրդային պետական գործիչ Սերգեյ Կիրովի մահից հետո այգին կոչվել է նրա անունով։

Խորհրդային տարիներին Մանկական այգում թաղված էր նաև ԽՍՀՄ հերոս, գեներալ-մայոր Նիկոլայ Նովիցկին։ Անկախության տարիներին նրա աճյունը տեղափոխվել և վերահուղարկավորվել է Էրեբունի վարչական շրջանի կենտրոնական գերեզմանատան զինվորական պանթեոնում։

2021 թվականին այգու հյուսիսարևելյան հատվածում իրականացված շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հնագիտական շերտեր։ Պեղումների արդյունքում բացվել են XIX դարի երկրորդ կեսով – XX դարի առաջին տասնամյակներով թվագրվող աղյուսաշեն և տուֆաշեն կառույցների մնացորդներ, ջրամատակարարման համակարգի տուֆաշար հատված, ինչպես նաև հայտնաբերվել են տարատեսակ խեցեղեն, ապակե և մետաղե առարկաներ, եղջերավոր անասունների ոսկորներ, ֆրանսիական, բրիտանական, ռուսական և պարսկական արտադրության ապրանքներ՝ հանդերձանքի պարագաներ, կենցաղային և տնտեսական նշանակության իրեր, ճենապակյա սպասք և այլն։

Պեղումների արդյունքները վկայում են, որ նշված ժամանակահատվածում Երևանը եղել է տարանցիկ առևտրի կարևոր կենտրոն, որտեղ հատվել են արևելքն ու արևմուտքը, հյուսիսն ու հարավը։

Մանկական այգին երևանցիների սիրելի հանգստավայրերից մեկն է։


Զաքյան փող. 8