ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ
Ճարտարապետ՝ Արշավիր Մինասյան
Գտնվում է Մովսես Խորենացու, Գրիգոր Լուսավորչի, Բեյրութի և Զաքյան փողոցների միջև ընկած տարածքում՝ Զաքյան փողոց, 13/2 հասցեում:
Հիմնադրվել
է 1933 թ. մարտին: Նախագծի հեղինակն է ճարտարապետ Արշավիր Մինասյանը, ով կազմել է նաև
Ղուկաս Ղուկասյանի (այժմ՝ Վիկտոր Համբարձումյանի) անվան այգու նախագիծը:
Նախկինում
այս հատվածում են եղել հին Երևանի մեծ շուկան՝ Ղանթարը, և Գյուրջի քարավանատունը՝ հարակից
խանութներով, կրպակներով և այլ շինություններով:
1934
թ., խորհրդային պետական գործիչ Սերգեյ Կիրովի մահից հետո, այգին կոչվել է նրա անունով։
Այգու
տարածքում են գտնվում ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի (1913-1944) կիսանդրին
(1950, բրոնզ, գրանիտ, քանդակագործ՝ Արա Սարգսյան, ճարտարապետ՝ Գրիգոր Աղաբաբյան),
89-րդ հայկական դիվիզիայի առաջին հրամանատար, գնդապետ Սիմոն Զաքիյանի (Զաքյան, 1899-1942)
գերեզմանն ու կիսանդրին (1957, բրոնզ, գրանիտ, քանդակագործ՝ Արա Հարությունյան, ճարտարապետ՝
Սերգեյ Ներսիսյան) և հայ ժողովրդի բարեկամ, լիբանանցի բանաստեղծ, արձակագիր, նկարիչ Ժուպրան
Խալիլ Ժուպրանի (1883-1931) կիսանդրին (2005, մարմար, բազալտ, քանդակագործ` Լևոն Թոքմաջյան):
Խորհրդային
տարիներին մանկական այգում էր թաղված նաև ԽՍՀՄ հերոս, գեներալ-մայոր Նիկոլայ Նովիցկին (զոհվել է 22.08.1945
թ.): Անկախության տարիներին նրա աճյունը տեղափոխվել և վերահուղարկավորվել
է Էրեբունու շրջանի կենտրոնական գերեզմանատան զինվորական պանթեոնում:
2021 թ. այգու տարածքի հյուսիսարևելյան մասում (Զաքյան-Խորենացի խաչմերուկ, «Շիրակ» հյուրանոցի դիմաց) «Սատուրնա Ա» ընկերության
կողմից սրճարանի կառուցման
շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են հնագիտական շերտեր։ Նույն
թվականի դեկտեմբերին «Պատմամշակութային
ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի արշավախմբի իրականացրած փրկարարական պեղումների արդյունքում բացվել են XIX դ. երկրորդ կեսով - XX դդ. առաջին տասնամյակներով թվագրվող աղյուսաշեն և տուֆաշեն կառույցների
մնացորդներ, ջրամատակարարման համակարգի տուֆաշար հատված, հայտնաբերվել են տարատեսակ խեցե, ապակե և մետաղե առարկաներ, եղջրավոր անասունների ոսկորներ, ֆրանսիական, բրիտանական, ռուսական և պարսկական
արտադրության ապրանքներ՝ հանդերձանքի պարագաներ, կենցաղային և տնտեսական նշանակության
իրեր, ճենապակե սպասք և այլն։ Պեղումները վկայում են, որ նշված ժամանակահատվածում Երևանը
եղել է տարանցիկ առևտրի կենտրոն, որտեղ հատվել են արևելքն ու արևմուտքը, հյուսիսն ու
հարավը։
Մանկական
այգին իր բարեկարգ խաղահրապարակներով, անցուղիներով ու կարուսելներով մեծ ու մանուկ
երևանցիների հանգստի սիրված վայրերից է, որտեղ անցկացվել ու այսօր էլ անցկացվում են
տարաբնույթ միջոցառումներ:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան