ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ
Անգլիական
այգին Երևանի առաջին հասարակական զբոսայգին է։ Այն Երևանի ամենահին կանաչ տարածքներից
մեկն է։ Գտնվում է Գրիգոր Լուսավորչի, Մովսես Խորենացու և Իտալիայի փողոցների միջև։
Այգին
հիմնադրվել է 1850 թվականին, իսկ պաշտոնապես բացվել է 1910 թվականի հոկտեմբերի 3-ին՝
դառնալով երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի ամենասիրելի վայրերից մեկը։
1898
թ. քաղաքագլուխ Իսահակ Մելիք-Աղամալյանն այգում լուրջ բարեփոխումներ է կատարել: Այնուհետև
այգու բարեկարգման գործը շարունակել է Իսահակի եղբայրը` նոր քաղաքագլուխ Հովհաննես
Մելիք-Աղամալյանը։ Նրա միջոցներով այգու համար կաղնու ծառեր են բերվել Ռուսաստանից
և Լեհաստանից:
Այգին
կառուցվել և բարեկարգվել է եվրոպական ձևով և հավանաբար, դա էր պատճառը, որ կոչվեց
«Անգլիական այգի»։ Ոմանց կարծիքով, այգին այդպես է կոչվել ի պատիվ այն բարեկարգող օտարերկրացիների,
իսկ ամենահավանական վարկածն այն է, որ վերևից դիտելիս՝ այգին իր արահետների դասավորությամբ
նման է անգլիական դրոշին։
Անգլիական
այգին անվանում են նաև «Թատերական այգի», քանի որ դրա տարածքում է գտնվում Գաբրիել
Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը։
Խորհրդային
կարգերի հաստատումից հետո Անգլիական այգին վերածվել է զոհված հեղափոխականների պանթեոնի։
Այգին վերանվանվել է 26 կոմիսարների անունով, ինչը երևանցիների խոսքում կրճատվելով
դարձել է «Կոմայգի»։
Այգին
նորոգվել է 1919 թվականին։ 1920 թվականին Անգլիական այգում կայացել է Հայաստանի նորագույն
պատմության առաջին ֆուտբոլային հանդիպումը՝ Երևանի և Ալեքսանդրապոլի (ներկայումս՝ Գյումրի)
թիմերի միջև։
Այգու
տարածքում ժամանակին գործել է «Մասիս» ռեստորանը։ Ներկայումս այդ տարածքում գտնվում
է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը։
2000-ական
թվականների սկզբին այգին կորցրել է իր տարածքի զգալի մասը։ Նորակառույց Իտալիայի փողոցը
հատել է դրա հյուսիսային հատվածը՝ մեկուսացնելով այգու մի մասը, որտեղ հետագայում հիմնվել
է Երևանի 2800-ամյակի այգի։