ՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ

Card image cap

ԿԱՊՈՒՅՏ ՄԶԿԻԹ (ԳՅՈՅ ՄԶԿԻԹ, ՀՈՒՍԵԻՆ ԱԼԻ ԽԱՆԻ ՄԶԿԻԹ, ԳՅՈՅ ՋԱՄԻ)


1765-1766 թթ.


Պետ. ցուցիչ` 1.6.150

Կառուցող՝ Երևանի սարդար Հուսեին Ալի խան

Մզկիթը գտնվում է Մ. Մաշտոցի պողոտա, 12 հասցեում` խիտ կառուցապատված հատվածում:

Ըստ հարավային դարպասի ճակատի արձանագրության՝ կառուցել է Երևանի սարդար Հուսեին Ալի խանը, 1765-1766 թթ.: Այն Երևանի մզկիթներից ամենամեծն ու ամենանշանավորն էր՝ կառուցված շիա դավանանքի մզկիթներին հատուկ ճարտարապետական ոճով:

Անգլիացի ճանապարհորդ Հենրի Լինչը, XIX դ. վերջին լինելով Հայաստանում, գովեստով է խոսել հատկապես հուշարձանի վրա գունավոր ապակիների օգտագործման մասին, նշելով նաև, որ մզկիթն ուներ իր հոգևոր-տարրական դպրոցը:

Խորհրդային իշխանության տարիներին, կրոնական կառույցների զանգվածային քանդման շրջանում, Եղիշե Չարենցի և մի քանի այլ հայ մտավորականների ջանքերով մզկիթի շենքը փրկվել է, վերցվել պետական հսկողության տակ: 1937-1982 թթ. այստեղ գործել են Երևանի պատմության ու բնագիտության թանգարանները, իսկ մզկիթի փոքր սրահը հետագայում օգտագործվել է որպես պլանետարիում: 1937 թ. մզկիթի երկու դահլիճների միջև բացվել է դուռ (թանգարանի համար): 1940 թ. և 1972 թ. կատարվել են վերանորոգման աշխատանքներ:

Հայաստանի անկախացումից հետո, Իրանի կառավարության խնդրանքով, մզկիթը հանձնվել է Իրանի դեսպանությանը: Վերակառուցվել է 1994-1998 թթ., իրանական կողմի միջոցներով։ 2006 թ. վերանորոգվել է լայնանիստ գմբեթը։ Մզկիթը դարձել է ոչ միայն շիա դավանողների աղոթատեղի, այլև՝ հոգևոր-մշակութային կենտրոն, որտեղ պարբերաբար անցկացվում են միջոցառումներ, կազմակերպվում են գիտաժողովներ, ցուցադրություններ, դասընթացներ:

Համալիրն ունի ուղղանկյուն (97.2 x 66.5 մ) հա­տա­կագիծ, 71 x 47 մ չափերով ներքին բակ, որի շուրջ խմբավորված են կառույցները: Մուտքերը երեքն են: Հարավայինը և արևմտյանը մեծ դարպասներ են, իսկ արևելյանը փոքր դուռ է, որը տանում է դեպի բակ: Համալիրի հարավարևմտյան անկյունում բարձր, հատակագծում շրջանաձև մինարեթն է (20 մ): Համալիրի հյուսիսային և հարավային մասերում տեղադրված են աղոթասրահները, իսկ արևելյան և արևմտյան մասերում՝ ուսումնական խցերը: Խցերը քառակուսի են, թաղածածկ, առջևում ունեն դեպի բակ բացվող կամարակապ սրահներ: Բակը սալահատակված է տուֆով, կա շատրվանով քարե ջրավազան: Համալիրի շենք-շինություններն ամբողջովին կառուցված են աղյուսից: Գմբեթները և մինարեթը երեսպատված են երկնագույն, դեղին, կանաչ գույներով ջնարակված աղյուսի սալիկներով:

Անդրկովկասի լավագույն պարսկական մզկիթն է: Տարբեր գույներով ջնարակված աղյուսների համադրումը կա­տարված է հմտորեն, արևելյան վառ ճաշակով:

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Մեսրոպ Մաշտոցի պող. 12
+37410 522 193