ԹԱՏՐՈՆՆԵՐ

Card image cap

ՀԱԿՈԲ ՊԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ


1991 թ.


Ճարտարապետ՝ Մարկ Գրիգորյան

Համահեղինակներ՝ ճարտարապետներ Էդուարդ Ալթունյան, Սմբատ ՄելքոնյանԳ. Մնոյան

Գտնվում է Վազգեն Սարգսյան փողոց, 7 հասցեում:

Մինչ ներկայիս շինության կառուցումը թատրոնը գործել է նույն տեղում գտնված Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի շենքում (Ստեփան Շահումյան փողոց, 4, այժմ՝ Վազգեն Սարգյան փողոց, 7):

Հայկական առաջին օպերետային թատրոնն է: Հիմնադրվել է 1941 թ. դեկտեմբերի 23-ին՝ Հայրենական մեծ պատերազմի դժվարին օրերին: Պաշտոնապես բացվել է 1942 թ. հունիսի 22-ին՝ հարստացնելով հանրապետության թատերական օջախների ցանցը: Երաժշտական կոմեդիայի թատրոնի առաջին ներկայացումը Ռ. Նելսոնի «Թագավորը զվարճանում է» օպերետն էր:

Որոշ ժամանակ այստեղ հանդես են եկել նաև Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական և Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնները:

Թատրոնի հիմնադրման և գործունեության մեջ մեծ ավանդ ունեն երգիչ Շարա Տալյանը, դիրիժոր և խմբավար Արամ Տեր-Հովհաննիսյանը, երգահան, հայ ազգային էստրադային երաժշտության հիմնադիր Արտեմի Այվազյանը, բեմադրիչ Վարդան Աճեմյանը, դերասաններ Թադևոս Սարյանը, Հայկ Դանզասը, Կարպ Խաչվանքյանը և այլք:

Թատրոնում են գործել ՀԽՍՀ ժողովրդական դերասաններ Իզաբելլա Դանզասը, Մայիս Ղարագյոզյանը, Սվետլանա Գրիգորյանը, Մելինե Համամջյանը, Ստեփան Գրիգորյանը և ուրիշներ: Թատրոնի խաղացանկը պարբերաբար հարստացվել է հայ և արտասահմանյան հեղինակների ստեղծագործություններով:

1956 թ. շենքը վերադարձվել է Մշակույթի նախարարությանը: Ավելի ուշ ճարտարապետ Լևոն Մուրադյանի նախագծով շենքը հիմնովին վերակառուցվել է և հարմարեցվել թատրոնի գործունեությանը:

1962-ին թատրոնն անվանակոչվել է հայ մեծ երգիծաբան Հակոբ Պարոնյանի անունով:

Ներկայիս շենքը շահագործման է հանձնվել 1991 թ.: Առաջին ներկայացումը (Հակոբ Պարոնյան, «Մեծապատիվ մուրացկաններ») կայացել 1992 թ. սեպտեմբերի 25-ին: Գլխավոր ճակատին 1999 թ. տեղադրվել է սև գրանիտից կերտված Կարպ Խաչվանքյանի հուշատախտակը (հեղինակ՝ Լ. Մելքոնյան): 2022 թ. հունիսի 2-ին բացվել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանի և կնոջ՝ ՀՀ ժողովրդական դերասանուհի Գալյա Նովենցի միասնական հուշատախտակը (ճարտարապետ՝ Վարդան Հարությունյան, քանդակագործ` Արմենակ Համբարձումյան):

Ութ հարկանի շինություն է՝ կառուցված դեղնասպիտակավուն ֆելզիտից: Չափերն են՝ 62,4 × 36,75 մ:

Հարուստ ավանդույթներով մշակութային հայտնի և սիրված օջախ է:

Կառույցն ուշագրավ է հասարակական ճարտարապետության արդի փուլին բնորոշ տարրերով և հայ ազգային ճարտարապետական ավանդույթների նորովի արտահայտմամբ:

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Սարգսյան փող. 7
+37410 580 101