ԹԱՏՐՈՆՆԵՐ

Card image cap

Երևանի մնջախաղի պետական թատրոն


Մնջախաղի ավանդույթը Հայաստանում դարերի պատմություն ունի: Ե՛վ գրավոր աղբյուրներում, և՛ ձեռագիր մատյաններում կարելի է հանդիպել մնջախաղի դերասանների` ձեռնածուների, վարձակների, գուսանների, հուշկապարիկների մասին բազմաթիվ վկայությունների: Նոր ժամանակներում մնջախաղի արվեստի վերազարթոնքը մեր իրականության մեջ, անշուշտ, կապվում է անվանի ծաղրածու-մնջախաղաց Լեոնիդ Ենգիբարյանի անվան հետ: Երևանցիների հիշողության մեջ դեռ թարմ են այս զարմանալի ծաղրածուի մնջախաղային երեկոները` բարություն քարոզող լուսավոր մանրապատումները:

Որպես հավաքական բեմարվեստ՝ մնջախաղի թատրոնի ծննդյան ազդաղողանջը հնչել է 1969 թվականին: Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտի ուսանող Հենրիկ Պողոսյանը, հրապուրվելով մնջախաղի ժանրով, ստեղծեց «Տուշպա» թատերախումբը և մանրապատումների ծրագրով 1969 թվականի գարնանը դարձավ հանրապետության «Ուսանողական գարուն» փառատոնի դափնեկիր: Թատրոնը գործում էր Հայաստանի արվեստի աշխատողների տանը: Բեմադրվում են Պ. Սևակի «Անլռելի զանգակատուն», Հ. Պողոսյանի «Շարժվելու ժամանակն է» և այլ ներկայացումներ:

1972 թվականին Հ. Պողոսյանը ներկայացում բեմադրելու համար թատրոն է հրավիրում Մոսկվայի կուլտուրայի ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետի ուսանող Արսեն Փոլադովին: Ա. Փոլադովն արդեն ավարտել էր Պետական կինոինստիտուտին կից մնջախաղի երկամյա դասընթացները, որը ղեկավարում էր ռուս անվանի մնջախաղաց Ա. Ռումնևը և համարվում էր մնջախաղի լավագույն մասնագետներից մեկը: Սակայն իրադարձությունները այնպես զարգացան, որ Հ. Պողոսյանը թողեց թատրոնը և խումբը ցրվեց:

Արդեն Երևան ժամանած Ա. Փոլադովը ստիպված եղավ ամեն ինչ սկսել նորից: Կարճ ժամանակահատվածում ամբողջովին նորացված կազմով, որի մեջ ընդգրկված էին Նունե Օգանեզովան, Սամվել Աղաբալյանը, Լևոն Իվանյանը, Լևոն Հովսեփյանը, Կարինե Շահինյանը, Ռուզան Բանդուրյանը, Ստեփան Շահինյանը և ուրիշներ, թատերախումբը բեմադրեց Վ. Սարոյանի «Սովյալներ» մնջախաղային ներկայացումը և մի շարք մանրապատումներ:

1974 թվականի մայիսի 18-ին Հայաստանի մշակույթի նախարարության գեղարվեստական խորհրդի և մշակույթի անվանի գործիչների ներկայությամբ թատերախումբը ցուցադրեց իր անդրանիկ ամբողջական ներկայացումը, ճանաչվեց պրոֆեսիոնալ կոլեկտիվ և ընդգրկվեց Հայհամերգի կազմում:

1983 թվականին թատրոնը ստացել է պետական կարգավիճակ:

1993 թվականի դեկտեմբերին Արսեն Փոլադովի առաջարկով թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվում Յուրի Կոստանյանը, որը սկսել էր զբաղվել մնջախաղով դեռևս 70-ականների սկզբին` Կաունասում, լեգենդար Մոդրիս Տենիսոնսի մոտ: Սկսվում է մի գործընթաց, որը կարելի է բնութագրել որպես սերնդափոխություն և ինչպես ցանկացած փոփոխություն`ընթանում է դժվարությամբ: Հրավիրվում են նոր, երիտասարդ դերասանների, բեմադրիչների:

1998 թվականի մարտին Յուրի Կոստանյանի առաջարկով թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվում Ժիրայր Դադասյանը: Այս շրջանը առանձնանում է և՛ նոր արտահայտչաձևերի ինքնահաստատման, և՛ խաղացանկի ձևավորման առումով: Թատրոնը նորից սկսում է հյուրախաղերով հանդես գալ արտերկրում:

2001 թվականին թատրոնը կազմակերպել է «Նազենիկ» մնջախաղի միջազգային փառատոնը, որը անկախ Հայաստանի առաջին միջազգային թատերական փառատոնն էր:

2008 թվականին թատրոնը Ծաղկաձորում կազմակերպել է Մնջախաղի միջազգային փառատոն, որն այսուհետ անցկացվում է երկու տարին մեկ:

2010 թվականին փառատոնը կոչվեց հայտնի ծաղրածու-մնջախաղաց Լեոնիդ Ենգիբարյանի անունով, և 2012 թվականին՝ հերթական Մնջախաղի միջազգային փառատոնի շրջանակներում, Ծաղկաձորի կենտրոնական Ծաղկունյաց հրապարակում տեղադրվեց մեծանուն արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի բրոնզե արձանը:

2014 թվականին անց է կացվում Մնջախաղի միջազգային 4-րդ փառատոնը, և ծրագրում ընդրկվում է նաև ավազանկարչությունը, աճպարարությունը, կենդանի արձանը: Տարբեր տարիներին անցկացված փառատոների շրջանակներում մասնակցել են թատերախմբեր և անհատ կատարողներ Իսպանիայից, Իտալիայից, Գերմանիայից, Հունաստանից, Ռուսաստանից, Լատվիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Չեխիայից, Լեհաստանից, Դանիայից, Ճապոնիայից, Ղազախստանից, Բանգլադեշից, Ուկրաինայից, Իրանից, Թայլանդից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Արգենտինայց, ինչպես նաև հայկական թատերական, կրկեսային խմբեր, նվագախմբեր, հրե շոուներ, երիտասարդական խմբեր: Ներկայացումներն անց են կացվել անմիջապես փողոցում կամ հրապարակում տեղադրված բացօթյա բեմում, անվճար:

2017 թվականի մայիսի 4-ին ՀՀ Կառավարության որոշմամբ թատրոնին հանձնվեց սեփական տարածք՝ Գևորգ Քոչարի փողոց, 21 հասցեում:


Գևորգ Քոչար փ. 21
+37477 505 006