ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Առկախված այգի. Դադիվանք և անդին
«Առկախված այգի. Դադիվանք և անդին» ցուցադրությունը AHA collective-ի նախագիծն է, որը ուրվագծվել է 2020 թվականի նոյեմբերի 13-ին Արցախի երկնուղեշ այգու խորքում փարված Դադիվանքում տեղհատուկ դրոշմներ ստեղծելու արդյունքում, երբ արվեստագետների մի արշավախումբ Երևանից արտակարգ իրավիճակի թելադրանքով մեկնել էր Քարվաճառ։ Այս դրոշմների շուրջ երկխոսում են տարբեր տեխնիկաներով ներկայացված արվեստի գործեր, որոնք ստեղծվել են հաջորդող տարում միջավայրից դուրս՝ Հայաստանում։
«Առկախված այգի. Դադիվանք և անդին» նախագիծը եռամաս ցուցադրություն է՝ տարածված երեք սրահում։
Ցուցադրության մեկնակետը «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահն է, որտեղ ներկայացված է դրոշմների ինստալացիան՝ որպես Դադիվանքի ուխտագնացության վկայություն-մասունք։ Ցուցադրությունը շարունակվում է «Արծիվ» սրահում, որտեղ տարբեր տեխնիկաներով աշխատանքներ ներկայացնում են պատերազմի վերքերը, փլուզումներն ու ջնջումները: Հայտնվելով այս արմատական հակադրություններին դեմ հանդիման՝ ցանկություն կա նորը ստեղծելու՝ ցուցադրելով, թե ինչպես է մարդկությունը ապրեցնում տեղանքն ու ժառանգությունը: Այդ առումով, «Պատկերասրահ Մեկ»-ում ցուցադրվում է կարճամետրաժ ֆիլմ և իրականացվում է կրթական ծրագիր, որը բաց է բոլորի համար` փորձարկելու գրատպության արվեստը փայտե կնիքներով, ձեռագիրը դարձնելու մշտական դրոշմ:
ԱՀԱ կոլեկտիվը, ի դեմս համադրող Նայիրի Խաչատուրեանի, ինչպես նաև ներգրավված արվեստագետներ Սարգիս Անտոնյանի, Վահրամ Գալստյանի, Անուշ Ղուկասյանի, Մայդա Շավակի և գրողներ ու հետազոտողներ Տիգրան Ամիրյանի, Նազարեթ Կարոյանի, Անահիտ Հայրապետյանի, Կլոդ Մութաֆյանի, աննախադեպ ծավալի ու կարևորության աշխատանք են կատարել։
Ցուցադրությունը հանրության համար հասանելի կլինի հուլիսի 8-ից սեպտեմբերի 4-ը՝ ԳԱԿ-ի «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում, «Արծիվ» սրահում և «Պատկերասրահ Մեկ»-ում։ Մուտքն ազատ է:
Ալ. Թամանյան փող. 10
+37410 567 262