ԲԼՈԳ

Card image cap

Արարատ լեռան համայնապատկերը Երևանից


Նույնիսկ եթե մեր օրերում Երևանը որոշ չափով քաոսային է դարձել նորակառույց շենքերի պատճառով, այստեղ միշտ մի յուրահատուկ բան կա. տեսարան դեպի մոգական Արարատ լեռը, որը կոչվում էր նաև Սիս և Մասիս:


Արարատը երևում է Երևանի բազմաթիվ կետերից ու շենքերից: Լեռան դերը որոշիչ էր քաղաքի` 1924 թվականի գլխավոր հատակագծի ստեղծման գործում: Քաղաքն ամբողջովին շրջված է դեպի հսկա երկգագաթ Արարատը` միավորելով քաղաքաշին պլանավորումը և ազգային բնական լանդշաֆտը՝ որպես մեկ ամբողջություն: Մայրաքաղաքի գլխավոր հատակագծի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը քաղաքաշինության ամբողջ դրաման ստորադասեց լեռան վեհ գեղեցկությանը: Բոլոր հայերը, հատկապես հայրենադարձները, Երևանում անշաժ գույք գնելիս նախընտրում են ձեռք բերել բնակարան Արարատ լեռան տեսարանով, ինչը նաև բարձրացնում է բնակարանի արժեքը:

Ցավոք, որքան էլ տարօրինակ է, Երևանի կարևորագույն տեսարժան վայրը Երևանում և, նույնիսկ, Հայաստանում չէ․ Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը 1921 թվականին Արևմտյան Հայաստանի տարածքը հանձնեց Թուրքիային, և Արարատը մնաց գերեվարված: Ինչևէ, լինելով պատմական Հայաստանի մի մասնիկը, այն այնքան ամուր է դաջված յուրաքանչյուր հայի գիտակցության մեջ, որ Արարատի համայանապատկերի բացակայությունը, պարզապես, հնարավոր չէ պատկերացնել:

Արարատն  իր հավերժ ներկայությամբ ուժ է տալիս հայ ազգին՝ շարունակելու ապրել՝ չնայած պատմության բոլոր դաժան իրադարձություններին, և թույլ չի տալիս մոռանալ իր առջև դրված խնդիրներն ու երազանքները: Յուրաքանչյուր հայ հավատում է, որ պատմական այս անարդարությունը մի օր կհաղթահարվի, և սրբազան Արարատ լեռը՝ քրիստոնեական հավատքի խորհրդանիշներից մեկը, կրկին կլինի քրիստոնեական հողում:

Երևանից Արարատը պարզ տեսնելու համար ամենալավ ամիսներն են մայիսը և սեպտեմբերը: Դուք շատ վայրեր կգտնեք Արարատի կրկնակի գագաթները դիտելու համար, սակայն զբոսաշրջիկների համար Կասկադը՝ լավագույն վայրն է, որտեղ կարելի է վայելել լեռան տեսարանը և հավերժացնել այն գեղեցիկ լուսանկարներում:

25 September 2021