ԲԼՈԳ

Card image cap

Նորքի կամուրջը


Մի ունևոր մարդ ուխտ է արել Երևանում կառուցել յոթ նույնանման կամուրջ, որոնցից պահպանվել է միայն Նորքինը՝ դիմանալով 1679 թվականի ավերիչ երկրաշարժին:


Երևանի հնագույն հուշարձաններից մեկը՝ Նորքի կամուրջը, դեռ կա, դեռ կանգուն է. մնացել է մի քաղաքացու առանձնատան բակում: Օրեր առաջ գնացի տեսնելու: Կամրջի շուրջ հողային աշխատանքներ էին անում: Լուսանկարեցի: Երևի առանձնատան սեփականատերն էր. մոտեցավ, հարցրեց՝ ինչու եմ նկարում. ով եմ: Ասացի՝ բնակիչ եմ, եկել եմ կամուրջը տեսնելու: Ասաց, թե կամուրջը միմիայն իր ջանքերով է պահպանվել, պետության ձեռքից փրկել է: Ու չմանրամասնեց «փրկության իր ջանքը»: 


Ամեն տարի «տագնապի» ու «տագնապից» ազատագրվելու իմ «ուխտն» եմ անում. գնում եմ Նորքի հին կամուրջը տեսնելու: Գնում եմ՝ համոզվելու, որ դեռ կանգուն է: Փլուզման ու ավերի պատկերին էլ եմ պատրաստ. ինչ արած, դրանում ևս պիտի համոզվես: Հին Երևանի հուշապահը՝ Երվանդ Շահազիզը, գրում է, թե, ըստ նորքեցիքի, մի ունևոր մարդ ուխտ է արել ու Երևանում կառուցել յոթ նույնանման կամուրջ, որոնցից պահպանվել է միայն Նորքինը՝ դիմանալով 1679 թվականի ավերիչ երկրաշարժին, դիմանալով Գետառի սելավներին: Կանգուն է մնացել Նորքի հին կամուրջը, դիմադրել և՛ պետության, և՛ երևանցիների անտարբերությանը, տարիներ ի վեր մոռացման նրանց վարժանքներին, որոնցով այնքան հմտացել ու թրծվել են: 


Երևանը հին քաղաք է, սակայն հնությունների քաղաք չէ: Անցյալի հուշակոթողներից փշրանքներ են պահպանվել՝ Ավանի կիսավեր տաճարը, կիսավեր Կարմիր կամուրջը, չգիտես, թե ինչ նախախնամությամբ՝ Նորքի հին կամուրջը, Կապույտ մզկիթը (Չարենցի ջանքերով): Ստորև ներկայացնում եմ Նորքի կամուրջը նկարագրող հատվածներ (լուսանկարներով) Կարո Ղաֆադարյանի «Երևան: Միջնադարյան հուշարձանները», Երվանդ Շահազիզի «Հին Երևան» և Վահրամ Դարյանի կազմած «Հայրենագիտական միօրյա արշավ: Ուսումնասիրիր հայրենի երկիրը» գրքերից:




Կարո Ղաֆադարյան. «ԵրևանՄիջնադարյան հուշարձանները» գրքից


Փոքրիկ կամուրջ է Նորքի ձորում, Գետառի վրա: Նրա թռիչքը մի խելից մյուսը 6,9 մետր է: Անցյալում այդ կամուրջի նշանակությունը մեծ է եղել: Նրա վրայով են անցել դեպի հյուսիս գնացող առևտրական կարավանները, որոնք հասել են Սևանի ափերը, Վրաստան և ռուսական հարթությունները:


Գետառը թեև փոքրիկ գետակ է, բայց երբեմն հեղեղում է Երևան քաղաքի թաղերը և մեծ վնասներ պատճառում: Նրա վրայի կամուրջները հաճախ քանդվել են Գետառի ավերիչ ուժից, մանավանդ, երբ վարարում է գետը, հսկայական գետաքարեր է բերում: Դրանով է բացատրվում այն, որ Գետառի վրա հին կամուրջներ չեն պահպանվել:


Նորքի այժմյան կամուրջը մոտ 10 տարի է, ինչ գործածությունից դուրս է եկել նախկին նեղ խճուղին լայնահուն պողոտայի վերածվելու և նոր կամուրջներ կառուցելու հետևանքով: Այդ կամուրջն այժմ ճանապարհի կողքին պահպանվում է որպես պատմական հուշարձան: 


Նորքի կամուրջը կառուցվել է 1664 թվականին նորքեցի Հովհաննես վարդապետի միջոցներով: Կառուցող վարպետն է, ինչպես երևում է եղծված արձանագրությունից, Գրիգորի որդի Կիրակոսը, սակայն ժամանակի ընթացքում այդ փոքրիկ կամուրջը ևս որոշ փոփոխություն է կրել: Նրա կենտրոնական մասը հնում երկու կողմից ունեցել է վերելք, գրեթե կամուրջի կամարին զուգահեռ, որ սլաքավոր է և կենտրոնում ավելի բարձր է, քան կես շրջան: 


Սակայն հետաքրքիր է այն, որ սրբատաշ քարով կառուցված այս կամուրջը դիմացել է բազմաթիվ  ջրհեղեղների, ինչպես նաև 1679 թվականի հզոր երկրաշարժին:


Կամուրջի կառուցման գլխավոր արձանագրությունը փորագրված է նրա կամարի վրա: Հովհաննես վարդապետի փակագիր արձանագրությունը պահվում է Հայաստանի պատմության թանգարանում: Վերջին նորոգումները կատարել է Հուշարձանների պահպանության վարչությունը 1950-ական թվականներին:


(Երևան, 1975, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի» հրատարակչություն, էջ 43-45):



Երվանդ Շահազիզ. «Հին Երևան» գրքից



Նորքի հին հուշարձաններից առանձին ուշադրության արժանի է Գետառի հին, միակամար կամուրջը, որ ձգված է գետի վրա խոր ձորում. նրա վրա իջնում է Նորքի մեծ բանուկ ճանապարհը, որ անցնելով նրա վրայից, գնում է Ավան և նրա մոտ գտնված գյուղերը: Դա թեև փոքր, բայց մի հաստատուն կարմրագույն սրբատաշ քարից կառուցված շինություն է՝ պարսից տիրապետությունից մնացած, Հրազդանի մյուս շատ կամուրջների նմանությամբ, շինված նույն ոճով ու ճարտարապետությամբ: Կամուրջը կառուցված է, ինչպես երևում է նրա վրա երկու տեղ փորագրված հայոց՝ ՌՃԺԳ թվից, 1664 թվին, ասել է թե դա ներկայումս 264 տարվա շինություն է: Դրա ամրությունն ու հաստատությունը երևում է նրանից, որ դա յուր երկդարուկեսյան գոյության ընթացքում երկար ժամանակ անխնամ մնալով հանդերձ, տակավին այնքան ամուր է, որ կարողացել է և կարողանում է դիմանալ Գետառի հեղեղատին, Գետառի, որ հաճախ վերը՝ լեռներում, տեղացած անձրևներից ու կարկտից այնքան վարարում է, որ բարձրանալով՝ յուր ջրերը թափում է նրա վրայից՝ արմատախիլ արած հաստաբուն ծառերը բերելով և մեծամեծ քարեր գլորելով ու նրան զարնելով: Դրա կամարի վրա մի կողմից կիսաբոլորաձև խոշոր տառերով փորագրված է մի երկկարգ արձանագրություն, որ սակայն դժվարությամբ է կարդացվում տեղ-տեղ եղծված և կամարի երկու կողմի ստորին մասերի քարերի ջարդված լինելու պատճառով:


…Նորքեցիք ավանդաբար պատմում են, որ կամրջի շինողը եղել է մի ունևոր և շինարար մարդ, որ ուխտած է եղել շինել յոթ այդպիսի կամուրջ, և կատարել է յուր ուխտը՝ հետզհետե կառուցելով Գետառի ձորում յոթ միևնույն մեծությամբ, ամրությամբ և ճարտարապետական ձևով կամուրջներ՝ Շահապի, Գետարգելի, Ավանի և այլն, որոնցից սակայն պահպանվել է ամբողջությամբ միայն այդ Նորքինը:


Երվանդ Շահազիզի «Հին Երևան» գրքից (Երևան, «Մուղնի» հրատարակչություն, 2003 թ., էջ 212-213):


Վահրամ Դարյան. Դեպի Նորքի կամուրջ


1949 թվականին Երևանում լույս է տեսել «Հայրենագիտական միօրյա արշավ: Ուսումնասիրիր հայրենի երկիրը» գրքույկը. կազմել է Վահրամ Դարյանը: Այն նախատեսված էր դպրոցականների համար, որոնք քաղաքային զբոսանքներ անելով՝ պիտի ծանոթանային Երևանի հնագույն հուշարձաններին, ուշագրավ վայրերին ու թաղամասերին: 


Հայրենագիտական էքսկուրսիայի մեկօրյա մարշրուտն այսպիսինն էր՝ «Համալսարանական թաղամաս – Ղ. Ղուկասյանի պուրակ – Նորքի կամուրջը – Նորքի թաղամասը – Նորքի բերդաձորը – Կենդանաբանական այգի – Բուսաբանական այգի – Քանաքեռ – Խ. Աբովյանի թանգարանի տուն-թանգարանը»: Գրքույկը տալիս էր սրանց համառոտ նկարագիրը, և ահա Նորքի կամրջի մասին կարդում ենք. 


«Նորքի հին հուշարձաններից առանձին ուշադրության է արժանի Գետառի հին, միակամար կամուրջը, որը ձգված է գետի վրա խոր ձորում. նրա վրա իջնում է Նորքի մեծ բանուկ ճանապարհը, որ անցնելով նրա վրայից՝ գնում է Սևան և նրա մոտ գտնված գյուղեր: Դա թեև փոքր, բայց հաստատուն, կարմրագույն, սրբատաշ քարից կառուցված շինություն է՝ պարսից տիրապետությունից մնացած, Հայաստանի մյուս շատ կամուրջների նմանությամբ, շինված նույն ոճով ու ճարտարապետությամբ: Կամուրջը կառուցված է ինչպես երևում է նրա վրա երկու տեղ փորագրված հայոց ՌՃԺԳ թվից, այսինքն մեր թվ. 1664 թվին, ասել է, թե դա ներկայումս 285 տարվա շինություն է:


Կամուրջի կամարի վրայի երկրորդ արձանագրությունից պարզվում է, որ փորագրված թվականները կամրջի պատրաստման թվականներն են, որ շինել տվողը նորքեցի Հովհանը կամ Հովհաննես վարդապետն է, որ կամուրջը շինված է պարսից Շահ Աբբասի (վախճ. 1666)» և հայոց Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսի (1655-1680) ժամանակները և շինող վարպետի անունը հավանորեն եղել է Կիրակոս» (Էջ 5-6):



Հեղինակ՝ Արամ Պաչյան


29 November 2023