ԲԼՈԳ
Վարդավառ. ամենաիսկական հայկական տոներից մեկը
Ինչի՞ մասին է Վարդավառը, և ինչո՞ւ արժե ներկա լինել հենց այս տոնին
Անհիշելի ժամանակներից մինչև այսօր ամեն տարի ամռանը հայերը նշում են մի տարօրինակ ու արտասովոր տոն՝ Վարդավառը: Այն յուրօրինակ պաշտամունքի ծես է՝ նվիրված բարեբերություն խորհրդանիշ ջրին: Հայերն իրար վրա ջուր են ցայում՝ դրանով իսկ հաստատելով իրենց հարգանքն ու սերը կենարար ջրի նկատմամբ: Տոնի ակունքները հասնում է մինչև հեթանոսական ժամանակաշրջան՝ Աստղիկ աստվածուհու պաշտամունք: Վաղնջական ժամանակներից հուլիս ամսին՝ դաշտային հիմնական աշխատանքներն ավարտելուց և հացահատիկը հավաքելուց հետո, ընդունված սովորություն էր մեծ տոնախմբություն կազմակերպել՝ օրհնելով և զոհաբերություններ անելով դաշտը հովանավորող ուժերին։
Մեր օրերում Վարդավառի ժամանակ փողոցներում, հանրային վայրերում հայտնված յուրաքանչյուր մարդ պարտադիր ջրվում է հատուկ այդ օրվա համար ջրով լի դույլերով ու ջրային ատրճանակներով զինվածների կողմից: Տոնին կարող են միանալ նաև քաղաքի հյուրերը, ավելին՝ շատ զբոսաշրջիկներ մեկ անգամ ակամայից կամ պատահմամբ մասնակցելով հայկական Վարդավառին, հաջորդ տարի անպայման ներկա են գտնվում այդ արտառոց իրադարձությանը:
Ընդ որում, նշենք, որ քաղաքակրթության տարածմանը զուգահեռ ամեն տարի որոշակի բողոքի ալիք է բարձրանում առ այն, որ անթույլատրելի է մարդու կամքից անկախ նրան ջրելը, պարտադիր պետք է ստանալ ջրվողի համաձայնությունը և այլն: Սակայն Վարդավառն ունի իր օրենքները և դրանք անքննելի են: Չգրված օրենք կա՝ այդ օրը ոչ մի պաշտոնական հանդիպում չնախատեսել, իսկ վատառողջներին ու տարեցներին ուղղակի խորհուրդ չի տրվում տնից դուրս գալ:
Անծանոթներին և անցորդներին անխնա ջրելու տոնը երրորդ հանրապետության ժամանակ ստացավ նաև պետական հովանավորչություն: Երևանի քաղաքապետարանն այդ օրը զբաղվում է քաղաքի արձանների մաքրությամբ, ջրի շիթով լվացվում են քարերը: Հանրային այգիներում շրջում են հատուկ ջրցան մեքենաներ՝ տոնն առավել պայծառ ու տպավորիչ դարձնելով:
Visit Yerevan-ը ամռանը Երևան այցելող զբոսաշրջիկներին խորհուրդ է տալիս այնպես կազմակերպել հանգիստը, որ կարողանան ներկա գտնվել ամենահայկական, ամենաիսկական ու անկեղծ տոներից մեկին՝ Վարդավառին: