ԲԼՈԳ

Card image cap

Գարաժային ապրումներ


Երևանում զարմանալի տրանսֆորմացիա ապրեցին երևանյան ավտոտնակները։ Այսօր ավելի ու ավելի հաճախ գարաժներում բացվում են սրճարաններ, խանութներ և այլ հանրային տարածքներ։


Ի հակառակ տարածված կարծիքի, թե այս շարժումը սկսվել է ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում ռուսաստանցիների մեծ տեղափոխման հետևանքով՝ գործընթացը սկիզբ է առել դեռևս 2020-ին։ Նախաձեռնողը հայ-ռուս մի զույգ էր։ 

«8րրի  (կարդացվում է «օրոր» – խմբ.) պատմությունը կապված է կնոջս անցյալի հետ,– պատմում է Սաշան, որը սկսել էր այս նախագիծը կնոջ՝ Մարիամի հետ։Նա ծնվել ու մեծացել է Երևանում՝ կրելով ու սիրելով քաղաքի էսթետիկան, որից անբաժանելի է գարաժային շերտի խառնաշփոթն ու ջերմությունըԵրբ Մոսկվայից Երևան տեղափոխվեցինք, սկսեցինք տարածք փնտրել միկրո-բիզնեսի համար, մի տարածք, որը մերը կլիներ, գոնե որ կարողանայինք փոփոխել ըստ մեր ցանկության։ Երեխայիս հետ օրերով թափառել եմ Երևանի բակերով։ Ի վերջո, հայտնաբերեցինք մի լքված ավտոտնակ, որի մեջ ծառ էր աճում»։

Սաշան ու Մարիամը հայտարարություն փակցրեցին՝ «Կվարձակալենք ձեր ավտոտնակը կոմերցիոն նպատակներով, խնդրում ենք՝ զանգահարեք»։ Գարաժի տերը զանգեց զուտ հետաքրքրությունից ելնելով՝ ու՞մ մտքով կարող էր անցնել վարձակալել այդ անպիտան ավտոտնակը և ի՞նչ գործի համար։ Երկար-բարակ բանակցություններից հետո զույգը ստացավ համաձայնությունն ու սկսեց լայնածավալ փոփոխությունները։ «Ինձ դուր է գալիս, որ բնակիչներն ունեն հնարավորություն փոփոխելու քաղաքն ու ստեղծել նոր տարածքներ։ Շինությունների տարատեսակ կցակառուցումները կարելի է դիտարկել որպես նյութական հայտարարությունԵս ուզում էի օգտվել այդ ազատությունից»,– ասում է Սաշան։ 


8րրում վաճառվում էին դիզայներական ձեռագործ նմուշներ՝ տան համար։ Դրանք ստեղծվում էին աշխարհի տարբեր ծայրերում։ Կարևոր նրբություն. վաճառվող իրերը մեծամասամբ տան համար էին. «Մենք տեղափոխվել էինք Երևան երկու ճամպրուկով, այնպես որ տան համար իրերի խանութ բացելը խորհրդանշական քայլ էր մեր կողմից, այդպես մենք էլ մեր համար էինք փորձում նոր տուն ստեղծել…»: 8րրն աշխատեց ավտոտնակում շուրջ երկու տարի, բայց ի վերջո տարածքի տերը դուրս հանեց Սաշային ու Մարիամին։ Այժմ խանութը գործում է միայն օնլայն։ Սաշան մինչև հիմա լավ չի պատկերացնում, թե որն էր պատճառը. «Մենք որոշեցինք շատ չխորանալ, քանի որ ի վերջո գարաժն իրենն էր, իր անձնական ազատության տարածքն էր ու մենք պիտի հարգենք դա»։

Նրան հաջորդեց ևս մի քանի նախաձեռնություն, որոնք արդյունքում կազմեցին յուրատեսակ գարաժային կոոպերատիվ՝ Սարյան փողոցում ու մոտակայքում։ Դրանց թվում են «Ոչ լույս, ոչ մութ» սուրճի խանութը, «Հումմուս Կիմչի» սրճարանը, «Վոլչոկ» զգեստի խանութը և Rage Garage վինտաժի խանութը։ Առաջին երկուսի գաղափարները ծնվել են դեռ քովիդի համավարակի ժամանակ, իսկ մյուս երկուսն իսկապես ռելոկացիայի ալիքի արդյունք են։





Բավական երկար ժամանակ սուրճի ոլորտում աշխատելուց հետո Կառլենը որոշել էր սեփական խանութը բացելու մասին, բայց դա գրեթե անհնար էր սահմանափակ բյուջեի պայմաններում։ 8րրի Սաշան էր, որ հուշել էր ավտոտնակային տարածքների մասին։ 

Վանաձորցի Կառլենը հիշում է, որ 1988-ի երկրաշարժից հետո իր բարեկամները դեռ երկար ժամանակ ապրում էին գարաժներում՝ վախենալով նոր ցնցումներից։ Մի պահ իրենց ընտանիքի մետաղյա գարաժում միաժամանակ ապրել է 12 հոգի։ Այնպես որ՝ միտքը, որ ավտոտնակը կարող է ծառայել ոչ միայն ավտոներին, նոր չէր Կառլենի համար։ 

Մի քանի ամիս փնտրելուց հետո նա գտավ խաղողի ծառով գեղեցիկ գարաժ Սարյանում։ Հիշում է, որ դժվար էր տիրոջը համոզելը, քանի որ նախկինում բակում մի արգենտինական բար է եղել, որը մեծ դժգոհություններ է առաջացրել բնակիչների շրջանում։ 

«Մի քանի ամիս գարաժը վերանորոգելիս ես ամեն օր շփվում էի տեղացիների հետ ու բացատրում, թե ինչպիսին է լինելու խանութը, որ մենք միայն սուրճ ենք վաճառելու, առանց ալկոհոլի ու սննդի…– հիշում է Կառլենը,– Հայաստանում ամեն բնակիչ դիտարկում է բակը որպես անձնական տարածք, տան շարունակություն, որտեղ երեխաներն են խաղում։ Այդ պատճառով է, որ անվստահություն են զգում, երբ օտար մարդիկ գալիս են բակ ու անում, ինչ ուզում են։ Բացման օրվանից ու մինչ օրս ես անձամբ հետևում եմ մեզ մոտ եկող բոլոր մարդկանց, որ հանկարծ չխանգարեն տեղի բնակիչներին»։

Կառլենը համոզված է, որ եթե գործ ես անում բակում, պետք է ենթարկվես այն մշակութային նորմերին, որոնք ընդունված են այդ տարածքում. «Իրականում, ինչքան էլ փորձես վերափոխել տարածքը, միևնույն է՝ դու մնում ես գարաժում, որը բակային սոցիալական կյանքի անբաժան մասն է»։